Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հետաձգել է Ռուսաստանի հետ Սիրիայի շուրջ բանակցությունները


«Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների հետաձգումն իրականացվել է այս երկրում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններին արձագանքի վերաբերյալ շարունակվող խորհրդակցությունների լույսի ներքո»

Միացյալ Նահանգները հետաձգել է Ռուսաստանի պաշտոնյաների հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելուն նվիրված հանդիպումը, որը պետք է անցկացվեր Հաագայում այս շաբաթվա վերջին:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը երկուշաբթի ուշ երեկոյան ասել է, որ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների հետաձգումն իրականացվել է այս երկրում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններին արձագանքի վերաբերյալ «շարունակվող խորհրդակցությունների» լույսի ներքո:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, արձագանքելով բանակցությունները հետաձգելու մասին ամերիկյան կողմի որոշման, նշել է, որ Ռուսաստանն ափսոսանք է արտահայտել ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը նախօրեին ասել է, թե «կա շատ քիչ կասկած» այն մասին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել, սակայն Ռուսաստանի իշխանությունները հերքել են Սիրիային ներկայացվող մեղադրանքները՝ ասելով, թե Արևմուտքի պետությունները պետք է տրամադրեն նման հարձակում կատարելու մասին ապացույցներ:
XS
SM
MD
LG