Մատչելի հղումներ

«Վաշինգտոնը չի սպասում Սիրիայի հարցի շուրջ ՄԱԿ-ի արձագանքին»


ԱՄՆ-ի արտգործնախարարություն. «ՄԱԿ-ի կողմից իրականացվող հետաքննությունն այցն անցել է այն գիծը, երբ նման հետաքննությունը կարելի է արժանահավատ համարել»

ԱՄՆ-ի իշխանությունները չեն նախատեսում սպասել Սիրիայում ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության պատասխանին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, քննարկելով Սիրիայի դեմ ուղղված ռազմական գործողությունների հնարավորությունը, դաշինք է ստեղծում՝ ՄԱԿ-ի շրջանակներից դուրս:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակի տեղակալ Մարի Հարֆն ասել է, որ նախագահը չի սպասում ՄԱԿ-ին՝ Սիրիայի նկատմամբ իր որոշումը կայացնելու հարցում:

«Մենք ընդունում ենք մեր սեփական որոշումները մեր սեփական ժամանակացույցով, և կարծում ենք, որ ՄԱԿ-ի կողմից իրականացվող հետաքննությունն այցն անցել է այն գիծը, երբ նման հետաքննությունը կարելի է արժանահավատ համարել», - ասել է Հարֆը, որի համաձայն Դամասկոսում անցյալ շաբաթ իրականացված հարձակման հետաքննությունն իրականացվում է լոկ հաստատելու համար քիմիական զենքի կիրառման փաստը, այլ ոչ թե այն, թե ով է պատասխանատվություն կրում դրա համար:

Ըստ արտգործնախարարության փոխխոսնակի, Վաշինգտոնն արդեն իսկ սահմանել է, որ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացրել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հարֆի համաձայն, նախագահ Օբաման որոշում կայացնելու ընթացքում է: «Նախագահն իր տրամադրության տակ ունի Սիրիայի վերաբերյալ ռազմական մի շարք տարբերակներ, և նա պետք է որոշում կայացնի, թե երբ և արդյոք դրանք պետք է կիրառվեն:

«Կրկնում եմ՝ մենք չենք խոսում ցամաքային ուժեր ուղարկելու մասին: Այս պահին չենք քննարկում թռիչքազերծ գոտիները», - ասել է Հարֆը:

Պատասխանելով ԱՄՆ-ի Կոնգրեսականների պահանջներին այն մասին, որ նախագահ Օբաման, գործողությունների դիմելուց առաջ, պետք է ստանա ԱՄՆ-ի Կոնգրեսի հավանությունը, արտգործնախարարության փոխխոսնակն ասել է, որ Կոնգրեսի առաջնորդներին կներկայացվեն հետախուզական գաղտնի տեղեկություններ՝ ԱՄՆ-ի կողմից գործողությունների դիմելուց առաջ: Նա ասել է նաև, որ ԱՄՆ-ի վարչակազմն այս հարցում սերտորեն համագործակցում է միջազգային հանրության և միջազգային բազմաթիվ գործընկերների հետ՝ որոշելու համար առաջ ընթանալու ամենաբարենպաստ տարբերակը:

Մարի Հարֆն ասել է նաև, որ Սիրիայում ուժի գործադրման հարցում ՄԱԿ-ի թույլտվությունը ստանալու Ռուսաստանի ընդդիմության պայմաններում Վաշինգտոնը գալիք մի քանի օրվա ընթացքում կձեռնարկի իր սեփական «պատշաճ գործողությունները»:
XS
SM
MD
LG