Մատչելի հղումներ

Ատոմային «Նիմից» ավիակիրն ու հարվածային խումբն ուղևորվել են Կարմիր ծով


ԱՄՆ-ի Սիրիայի ափերի մոտ է քաշում ռազմածովային ուժերը՝ պատրաստվելով հնարվոր ռազմական գործողությունների

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Նիմից» ավիակիրը և ավիակիր հարվածային խմբի այլ նավեր շարժվում են դեպի Կարմիր ծով, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, աջակցություն ցուցաբերեն Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սահմանափակ ռազմական գործողությանը:

Ավիակիր հարվածային խումբը, որի կազմում են «Նիմից» ավիակիրը, ինչպես նաև մեկ հածանավ և չորս ականակիր նավ, դեռևս չի ստացել Միջերկրական ծովի արևելյան շրջան շարժվելու մասին հրաման:

«Խոսքը գնում է առկա գործիքների առավել օպտիմալ դասավորության մասին, որպեսզի դրանք լինեն ձեռքի տակ, եթե առաջանա ավիակիր հարվածային խմբի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտություն», - նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի աղբյուրներից մեկը:

«Մենք փորձում ենք հնարավորինս արդյունավետ օգտագործել ժամանակն ու տարածությունը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, առավելագույնս պատրաստված լինենք», - նշել է Պենտագոնի ևս մեկ աղբյուր՝ հավելելով, որ Միջերկրական ծովում նավերի տեղակայման վայրի մասին որոշում դեռևս չի կայացվել:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը գրեթե կրկնապատկել են իրենց ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան մասում՝ այս տարածաշրջանում սովորաբար մարտական հերթապահություն իրականացնող ականակիր երեք նավերին ավելացնելով նույն տեսակի ևս երկու նավ: Ընդհանուր առմամբ, ականակիր նավերի վրա տեղադրված է «Տոմահավկ» տեսակի մոտ 200 հրթիռ, սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Սիրիայի ուղղությամբ սահմանափակ հարված հասցնելու համար բավարար է կիրառել հրթիռների այս թվի կեսը:
XS
SM
MD
LG