Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովին ներկայացրել է Ադրբեջանի հակահայկական օրակարգը


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի պետական մարմինների կողմից հակահայկական տրամադրությունների հրահրման, անհանդուրժողականության և բռնությունների վրա»

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումներին ընդառաջ հորդորել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի պետական մարմինների կողմից հակահայկական տրամադրությունների հրահրման, անհանդուրժողականության և բռնությունների վրա»:

Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ, որի համաձայն Հանձնախմբի պետական մարմինների հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովին, որը հայտնի է նաև «Հելսինկյան հանձնաժողով» անվամբ, ներկայացրել է վկայություններ այն մասին, թե «ինչպես են Բաքվի քաղաքականությունն ու գործելակերպը խախտում մարդու իրավունքների միջազգային սկզբունքները, անվանվեր են ճանաչում Ադրբեջանի կողմից պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ավելացնում տարածաշրջանային անկայունությունը և ստեղծում վտանգավոր մթնոլորտ, որը նպաստում է լայնածավալ բռնությունների վերսկսման»:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անվտանգության, տնտեսական և մարդու իրավունքների հարցերը» խորագրով լսումների ընթացքում անձամբ վկայություններ են ներկայացում ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիան, ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամում Ռուսաստանի և Եվրասիայի գծով տնօրեն Միրիամ Լանսկոյը, ինչպես նաև Ջորջթաունի համալսարանի Եվրասիայի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի գծով հետազոտությունների գիտաշխատող Բրենդա Շաֆերը:
XS
SM
MD
LG