Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հայ-ադրբեջանական գագաթաժողովին


«Վիեննայի հանդիպումը վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու գործին երկու պետությունների առաջնորդների երկուստեք հանձնառության մասին»

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն անդրադարձել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:

Արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում կայացած հանդիպումը:

«Մենք գովասանքի խոսքեր ենք ուղղում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին այս առաջին քայլի կապակցությամբ և ոգեշնչված ենք այն հանգամանքով, որ նրանք համաձայնություն են ձեռք բերել գալիք մի քանի ամսվա ընթացքում կրկին հանդիպելու մասին», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է, որ Վիեննայում կայացած հանդիպումը եղել է երկու տարվա ընթացքում Սարգսյանի և Ալիևի առաջին հանդիպումը:

«Այս գագաթաժողովը կարևոր քայլ է երկխոսության վերսկսման ուղղությամբ, որը վկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու գործին երկու պետությունների առաջնորդների երկուստեք հանձնառության մասին: Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, հորդորում է երկու նախագահներին ակտիվ աշխատել բոլոր կողմերին մեծ կորուստներ պատճառած հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ», - եզրափակում է նախագահներ Սարգսյանի և Ալիևի Վիեննայում կայացած հանդիպման շուրջ ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG