Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը «խայտառակություն» է անվանել Սիրիայում անցկացված ընտրությունները


«Բաշար ալ-Ասադի նկատմամբ այսօր չկա ավելի շատ վստահություն, քան եղել է նախորդ օրը». Միացյալ Նահանգների արտգործնախարարություն

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը «խայտառակություն» է անվանել Սիրիայում երեքշաբթի օրն անցկացված նախագահական ընտրությունները՝ շեշտելով, որ այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ «այսօր չկա ավելի շատ վստահություն, քան եղել է նախորդ օրը»:

«Իրականությունից կտրված և քաղաքական մասնակցությունից զուրկ՝ Ասադի վարչակարգի կողմից կազմակերպված ընտրությունները շարունակում են բռնությունների միջոցով ճնշման ընտանեկան 40-ամյա ավանդույթը, որի սովորույթների համաձայն դաժանաբար ջախջախվում է քաղաքական այլախոհությունը և չեն իրականացվում սիրիայի ժողովրդի խաղաղության և բարգավաճման հասնելու ձգտումները», - մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը:

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքին երեքշաբթի օրն ասել էր, թե երկրում անցկացված նախագահական ընտրությունները «վերականգնման ուղու վրա են կանգնեցրել երկիրը»:

Սիրիայում, որտեղ քվեարկությունն անցկացվել է միայն կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք, ըստ այս երկրի ներքին գործերի նախարարության, ունեցել է 15 միլիոն մարդ:

Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի խոսնակ Խալիդ Սալեհն իր հերթին շեշտել է, որ այս ընտրություններն իրական որևէ ազդեցություն չեն գործի Սիրիայի ապագայի վրա:

«Ասադը շատ պարզ է արտահայտվում. նա շարունակելու է վերահսկել այս երկիրը: Նա կոչնչացնի բոլորին, ովքեր կկանգնեն իր դեմ: Եվ նա կանի ամեն ինչ՝ իշխանության գլուխ մնալու համար», - ասել է ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդի խոսնակը:

Սիրիայում անցկացված վերջին յոթ նախագահական ընտրություններն ըստ էության եղել են Բաշար ալ-Ասադի և վերջինիս հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի կառավարմանը հավանություն արժանացնելու հանրաքվեներ: Հաֆեզ ալ-Ասադի հավանության ցուցանիշը միշտ եղել է 99 տոկոսից ոչ պակաս, իսկ յոթ տարի առաջ նախագահի պաշտոնում իր որդու հավանության ցուցանիշը կազմել է 97,6 տոկոս:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ավելի վաղ հանդես գալով հեռուստատեսությամբ, «ողբերգական ֆարս» էր անվանել Սիրիայում անցկացվող ընտրությունները:

«Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող գոտում սիրիացիներն ունեն Բաշարի կամ Բաշարի միջև ընտրություն կատարելու հնարավորություն: Այս մարդուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հացագործ է անվանել», - ասել էր Ֆրանսիայի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG