Մատչելի հղումներ

«Ադրբեջանը խեղաթյուրում է Խոջալուի իրադարձությունները». ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն


«Ադրբեջանը փորձում է որպես զոհ ներկայացնել իրեն՝ դրա միջոցով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ևս մեկ պատերազմ սանձարձակելու համար անհրաժեշտ բարոյական հիմքեր»

«Ադրբեջանի դիվանագիտությունն ու քարոզչությունը շարունակում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությունն ու Ադրբեջանի ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունն ու պատմությունը և մասնավորապես Խոջալուի իրադարձությունները կեղծելու միջոցով»:

Այս մասին ասված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ, որը հրապարակվել է «PRNewswire» լրատվական գործակալության կողմից և տարածվել ԱՄՆ-ի մամուլում:

Հայաստանի դեսպանության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած վարչակարգը Խոջալուի իրադարձությունների խեղաթյուրման միջոցով փորձում է խուսափել Սումգայիթում (1988 թ. փետրվար) Կիրովաբադում (1988 թ. նոյեմբեր) Բաքվում (1990թ. հունվար), Մարաղայում (1992թ. ապրիլ), հայերի նկատմամբ, ինչպես նաև Խոջալույում իր սեփական ժողովրդի դեմ իրականացված ջարդերի համար պատասխանատվությունից:

«Ադրբեջանը փորձում է որպես զոհ ներկայացնել իրեն՝ դրա միջոցով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ևս մեկ պատերազմ սանձարձակելու համար անհրաժեշտ բարոյական հիմքեր», - ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն իր հայտարարության մեջ հիշեցնում է, որ Ադրբեջանը շարունակում է հերքել Խոջալույում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ բաց քննարկումներ անցկացնելու միջազգային հանրության, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, արվող կոչերը:

«Այս դեպքում հնարավոր չէ չհարցնել, թե ինչու բոլոր նրանք, ովքեր Խոջալուի իրադարձությունների մասին արտահայտել են Ադրբեջանի պաշտոնական վարկածից տարբերվող կարծիքներ, սպանվել են՝ լրագրող Մուսթաֆաևի նման, գցվել են բանտ՝ լրագրող Ֆաթուլաևի նման, կամ նրանց նկատմամբ իրականցվում է քաղաքացիական հետապնդում՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի նման», - հարց է ուղղում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:

«Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և պատմության խեղաթյուրումը, միլիարդավոր դոլարների հարձակողական զենքի ձեռքբերման հետ մեկտեղ, լուրջ վտանգ են ներկայացնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, և, այսպիսով, միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով հակադարձի դրան», - եզրափակում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հայտարարությունը:
XS
SM
MD
LG