Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դատապարտել է Սիրիայում քահանայի սպանությունն ու բռնությունները Քեսաբում


Բան Կի-մունը խիստ անհանգստություն է արտահայտել այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որպես ահաբեկչական նշված խմբավորումները շարունակում են ահաբեկել խաղաղ բնակչությանը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երկուշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Սիրիայի Հոմս քաղաքում տարեց քահանա Ֆրանս վան դեր Լուգտի սպանությունը, ինչպես նաև հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած բռնությունները:

«Հոմս քաղաքում տարեց քահանա Ֆրանս վան դեր Լուգտի սպանությունը դարձել է խաղաղ բնակչության պաշտպանելու անհրաժեշտությունը շեշտող վերջին ողբերգությունը: Գլխավոր քարտուղարը դատապարտում է անմարդկային այս արարքը, որն իրականացվել է մի մարդու հանդեպ, ով, անցնելով շրջափակման և դժվարությունների միջև, հերոսաբար կանգնած է եղել Սիրիայի ժողովրդի կողքին», - ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Անդրադառնալով Քեսաբում ստեղծված իրավիճակին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ասել է, որ իրեն սարսափեցրել են զարհուրելի այն պատկերները, որտեղ պատկերված է հայաբնակ Քեսաբ քաղաքում իրականացված սպանդը:

«Չնայած ՄԱԿ-ը չի կարող հաստատել այս դաժանությունների մասին ստացված հաղորդագրությունների վավերությունը, մարդու իրավունքների կոպիտ խախտումներն անկասկած շարունակվում են, և Քեսաբի նման ամբողջ գյուղերի բնակիչները ստիպված են լինում փախուստի դիմել», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ միաժամանակ խիստ անհանգստություն արտահայտելով այն հանգամանքի կապակցությամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որպես ահաբեկչական նշված խմբավորումները շարունակում են ահաբեկել խաղաղ բնակչությանը:
XS
SM
MD
LG