Մատչելի հղումներ

«Ուկրաինայում մեկնարկել է քվեարկությունը». ներքին գործերի նախարար


«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքն ընթանում է կանոնավոր: Ընտրությունները մեկնարկել են և կկայանան՝ չնայած Ուկրաինայի թշնամիների կողմից դրանց խաթարմանն ուղղված բոլոր ջանքերի». Ավակով

Ուկրաինայի ընտրական տեղամասերում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ուկրաինայում ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին և կփակվեն տասներկու ժամ անց:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքն ընթանում է կանոնավոր: Ընտրությունները մեկնարկել են և կկայանան՝ չնայած Ուկրաինայի թշնամիների կողմից դրանց խաթարմանն ուղղված բոլոր ջանքերի»:

Ավակովի համաձայն, ընտրական տեղամասերը բացվել և աշխատում են ինչպես Դոնեցկի, այնպես էլ Լուգանսկի մարզերում:

Ավակովը տեղեկացրել է նաև, որ նախօրեին երեկոյան չարագործներին հաջողվել է մուտք գործել «avakov.com» կայքի կառավարիչներից մեկի էլեկտրոնային փոստի արկղ՝ այդ կերպ մուտք ստանալով դեպի կայք և տեղադրելով այնտեղ իր անունից գրված մի քանի կեղծ հայտարարություն՝ Ուկրաինայում անցկացվող ընտրությունների թեմայով:

«Նման հայտարարություններ գոյություն չունեն, դրանք կեղծիք են, որոնց տեղադրումը հետապնդում է տեղեկատվական քաոս ստեղծելու և ընտրությունների կանոնավոր գործընթացը խաթարելու նպատակներ», - նշել է Ավակովը:

Ռուսատանի ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունների համաձայն, անհայտ անձինք ոչնչացրել են «Ընտրություններ» տեղեկատվական-վերլուծական համակարգը, ինչի պատճառով Ուկրաինայում ընտրողների ձայներն անհրաժեշտ կլինի հաշվել ձեռքով:

«Խնդրում եմ նման ստահոդ տեղեկություններ հաղորդածներին հերքել դրանք», - շեշտել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, նախագահական ընտրություններ ընթացքում հասարակական կարգի պահպանման նպատակով ներգրավվել է ոստիկանության 52 հազար ծառայող, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունների 11-ական հազար ծառայող:

Ուկրաինայի «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իլկա Կուչերիվայի անվան ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի և Ռազումկովի կենտրոնի կողմից մայիսի 14-ից 18-ն համատեղ անցկացված հասարակական կարծիքի հարցման համաձայն, նախագահական ընտրություններին պատրաստ է մասնակցել ընտրողների մոտ 80 տոկոսը:

Ուկրաինայի արտգործնախարարության տվյալներով, երկրի նախագահի ընտրություններին կմասնակցեն արտերկրում բնակվող մոտ 400 հազար ուկրաինացի:
XS
SM
MD
LG