Մատչելի հղումներ

Ուկրաինայի իշխանությունները վերահաստատել են Մարիուպոլի նկատմամբ վերահսկողությունը


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համաձայն, Մարիուպոլի քաղաքապետարանի վրա Ուկրաինայի դրոշ է բարձրացվել

Ուկրաինայի կառավարական ուժերն ուրբաթ օրը վերականգնել են վերահսկողությունը Մարիուպոլ քաղաքի նկատմամբ:

Այս մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, որի համաձայն Մարիուպոլի քաղաքապետարանի վրա Ուկրաինայի դրոշ է բարձրացվել:

«Վերահսկողություն է հաստատվել ահաբեկիչների բոլոր հենակետերի նկատմամբ: Ոչնչացվել է զրահամեքենա, ահաբեկիչների դիպուկահարների կետերը: Ահաբեկիչների կողմից կան բազմաթիվ կորուստներ: Մեր կողմից կորուստներ չկան, երկու զինծառայող վնասվածքներ է ստացել», - գրել է Ավակովը ֆեյսբուքյան իր էջում:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի համաձայն, Մարիուպոլ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողություններում մասնակցել են Ուկրաինայի ազգային գվարդիայի և ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները:

Ուկրաինայի նորանշանակ նախագահը նախօրեին պատրաստակամություն էր հայտնել բանակցություններ անցկացնել երկրի արևելյան շրջաններում գործող ընդդիմախոսների հետ այն դեպքում, եթե ռուսաստանամետ անջատողականները համաձայնվեն վայր դնել զենքը:

Նախագահ Պետրո Պորոշենկոն տեղեկացրել էր Դոնեցկի մարզպետ Սերհիյ Տարուտային այն մասին, որ «չի բացառում Դոնեցկում հակամարտության տարբեր կողմերի, որոնք սատարում են Ուկրաինայի նախագահի խաղաղության ծրագիրը, մասնակցությամբ կլոր սեղանի անցկացումը»:

Ուկրաինայի նախագահի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումը, երկրում գործող ռուսաստանամետ անջատողականների կողմից կրակի դադարեցումը և հակամարտությանը չմասնակցող խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքի ստեղծումը:

«Մեզ պետք չեն այնպիսի բանակցություններ, որոնք պարզապես անցկացվում են՝ բանակցելու համար: Մեր խաղաղության ծրագիրը պետք է հիմք դառնա՝ հակամարտության լարվածության հետագա նվազեցման համար», - ասել էր Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Դոնեցկի մարզպետ Տարուտայի հետ անցկացված հանդիպման ժամանակ:
XS
SM
MD
LG