Մատչելի հղումներ

Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել


Նախագահ Յանուկովիչը կմասնակցի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել, որը նպատակ է հետապնդում ստիպելու Ուկրաինայի կառավարությանը ստորագրել առևտրի շուրջ համաձայնագիրը Եվրոպական Միության հետ:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդն Տիմոշենկոն հացադուլ հայտարարելու մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ծրագրերը դադարեցնելու հայտարարությամբ:

Յանուկովիչը «դժվար, սակայն անխուսափելի» է անվանել այդ որոշումը:

Ուկրաինայի խորհրդարանն անցյալ շաբաթ հրաժարվել էր երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին օրինագիծն ընդունելուց, որը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հիմնական նախապայմաններից էր:

Ուկրաինայի կառավարությունն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի նախագահը կմասնակցի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Երկրի վարչապետ Միկոլա Ազարովը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ նախագահ Յանուկովիչը կայցելի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը՝ քննարկելու համար Ուկրաինայի տնտեսության շուրջ Ռուսաստանի և ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների անցկացման հնարավորությունը:

«Մենք չենք ցանկանում դառնալ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի և բախումների դաշտ: Մենք ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ, որոնք կնպաստեն մեր զարգացմանը: Այս է մեն դիրքորոշումը», - հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական Եվրոպայի հրապարակում շարունակվում են Եվրոպական Միության հետ համաձայնագիր կնքելու կողմնակիցների բողոքի ցույցերը: Ուկրաինայի հազարավոր ուսանողներ երեքշաբթի օրը միացել են անցյալ շաբաթվանից Կիևում անցկացվող շուրջօրյա բողոքի ցույցերին:

Երկրի ընդդիմությունը Վիլնյուսում հինգշաբթի օրը մեկնարկող գագաթաժողովից առաջ նախատեսում է անցկացնել բողոքի լրացուցիչ ակցիաներ:

Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նախօրեին քննադատել էին Ռուսաստանի կողմից Եվրամիության և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրելու գործընթացի վրա գործադրվող ճնշումը՝ նշելով, որ ԵՄ-ի առաջարկն ուժի մեջ է մնում:
XS
SM
MD
LG