Մատչելի հղումներ

«Սիրիայում սպանվել է ավելի քան 300 մարդ». իրավապաշտպաններ


Սիրիայի ակտիվիստներն ուրբաթ օրը հայտնել են, որ նախորդ օրը երկրում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ:

Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, սպանվածներից մոտ 100-ը եղել են երկրի զինված ուժերի ծառայողներ:

Մարտերի պատճառով զոհվել են նաև քաղաքացիական բազմաթիվ անձինք:

Սիրիայի պետական լրատվամիջոցների համաձայն, կառավարական ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսի Միդան թաղամասի նկատմամբ:

Սիրիայի ապստամբներն իրենց հերթին հինգշաբթի օրը վերահսկողություն են հաստատել Իրաքի և Թուրքիայի սահմանին տեղակայված անցումների նկատմամբ, ինչի պատճառով Իրաքի իշխանությունները փակել են Սիրիայի հետ սահմանը: Իրաքի իշխանությունները հայտնել են, որ սահմանային անցման մոտ ապստամբները սպանել են Սիրիայի զինված ուժերի առնվազն 21 ծառայողի:

Այս ընթացքում Ռուսաստանը հերքել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելու սպառնալիք պարունակող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ վետո կիրառելու իր որոշման քննադատությունը:

«Բացարձակապես անընդունելի է այն հանգամանքը, որո Արևմուտքի որոշ պետություններ փորձում են Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող բանաձևն աջակցելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառով մեղադրել վերջինիս Սիրիայում իրականացվող բռնությունների ակտիվացմանն աջակցելու մեջ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Չինաստանը նույնպես վետոյի իրավունք է կիրառել ՄԱԿ-ի բանաձևի նկատմամբ: «Արևմուտքի որոշ պետությունների փորձել են հապճեպ անցկացնել բանաձևի վերջնական տեսք չունեցող մի նախագիծ, որը, ընդունված լինելու դեպքում, կարող է Սիրիայում հանգեցնել ավելի մեծ բռնությունների», - ի պաշտպանություն Չինաստանի կողմից ընդունված որոշման ասված է երկրի պետական մամուլի կողմից տարածված հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG