Մատչելի հղումներ

Ռուսաստանը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ Սիրիայի շուրջ


Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի օրենսդիրների հետ հնարավոր կլինի անցկացնել «ակտիվ երկխոսություն» Սիրիայում ռազմական հնարավոր միջամտության շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն երկրի խորհրդարանի պատվիրակություն ուղարկելու գաղափարը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին Սիրիայում ռազմական միջամտությունը սատարելուց հրաժարվելու մեջ համոզելու նպատակով:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը նախագահող Վալենտինա Մատվիենկոն նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ներկայացրել էր Միացյալ Նահանգներ խորհրդարանային պատվիրակություն ուղարկելու մտահղացումը:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի օրենսդիրների հետ հնարավոր կլինի անցկացնել «ակտիվ երկխոսություն» Սիրիայում ռազմական հնարավոր միջամտության շուրջ: Նրա համաձայն, ինքն ու խոսնակ Նարիշկինը «միանգամայն համաձայն» են Ռուսաստանի նախագահի այն դիրքորոշման հետ, որի համաձայն Սիրիայում ռազմական որևէ միջամտության իրականացում անթույլատրելի է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության:

Ռուսատանի նախագահը «շատ ժամանակին և ճիշտ» է անվանել ԱՄՆ-ի օրենսդիրների հետ հանդիպում անցկացնելու Մատվիենկոյի մտահղացումը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթ հետաձգել էր Սիրիայի ուղղությամբ ռազմական հնարավոր հարվածը՝ ամերիկացիներին հասցեագրված ուղերձում նշելով, որ Սիրիայի կառավարությանը քիմիական զենքի կիրառմամբ հարձակման համար պատժիչ գործողությունների իրականացմանը հավանություն ստանալու նպատակով կդիմի ԱՄՆ-ի Կոնգրեսի հաստատման:

Ռուսաստանի նախագահ Պուտինը նույն օրն ասել է, թե Սիրիայի կառավարության կողմից ապստամբների ուղղությամբ քիմիական զենքի կիրառումը «միանգամայն անհեթեթ» կլիներ, քանի որ նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը առավելություն են գրանցել ապստամբների նկատմամբ:
XS
SM
MD
LG