Մատչելի հղումներ

«Freedom House»-ի համաձայն, 2013 թվականին ազատությունն աշխարհում անկում է ապրել


«Freedom House». «Այժմ ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ ավտորիտար առաջնորդները դառնում են է՛լ ավելի ինքնավստահ և լկտի, քան նրանք եղել են անցյալում»

Իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության համաձայն, անցյալ տարվա ընթացքում ազատությունն աշխարհում նվազել է, և աշխարհի բնակչության կեսից ավելի ապրում է այնպիսի վայրերում, որոնք մասամբ են ազատ կամ ընդհանրապես ազատ չեն:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող կազմակերպությունը հինգշաբթի հրապարակած իր զեկույցում գնահատել է ազատության հետ կապված իրավիճակը 195 երկրում և 14 «տարածքներում»՝ հիմք ընդունելով քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները:

Սիրիայում շարունակվող բռնությունների ու բախումների և Սաուդյան Արաբիայում տեղ գտած ճնշումների պատճառով այս պետությունները ներառվել են աշխարհի ոչ ազատ երկրների ցանկում:

Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ բնակչության 83 տոկոսն ապրում է «ոչ ազատ» պետություններում:

Զեկույցի հեղինակ Արչ Փադինգթընի համաձայն, ազատությունները սահմանափակելու համար կառավարությունները, բացի բռնություններից, օգտագործում են նաև այլ միջոցներ:

«Քաղաքական էլիտաները միշտ չէ, որ բռնությունների են դիմում: Նրանց պետք չէ մարդկանց կանգնեցնել պատին, սակայն նրանք, այնուամենայնիվ, կարողանում են վերահսկել քաղաքականությունը և սահմանափակել քաղաքական ընդդիմությունը», - նշել է զեկույցի հեղինակը:

Եվրասիայի տարածաշրջանը նույնպես գնահատվել է որպես տարածաշրջան, որտեղ խարխլվում է ազատության հետ կապված վիճակը: Այս տարածաշրջանում բնակչության երեք չորրորդն է ապրում «ոչ ազատ» գնահատված պետություններում:

Զեկույցում հիշատակվել է Ռուսաստանում փոքրամասնությունների, այդ թվում՝ համասեռականների, հետապնդումը, ինչպես նաև Ուկրաինայում մամուլի ազատության դեմ ուղղված պայքարը:

«Ազատությունն աշխարհում 2014» զեկույցում նշված է, որ 2013 թվականի ընթացքում Չինաստանում նվազել է հանդուրժողականությունը՝ խոսքի առցանց ազատության սահմանափակման և ակտիվիստների բանտարկությունների պատճառով:

«Այժմ ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ ավտորիտար առաջնորդները դառնում են է՛լ ավելի ինքնավստահ և լկտի, քան նրանք եղել են անցյալում, և ստեղծվել են ճնշումներ գործադրող պետությունների պաշտոնապես չամրագրված դաշինքներ», - նշում է «Ազատությունն աշխարհում 2014» զեկույցի հեղինակը:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, 2013 թվականը դարձել է ութերորդ անընդմեջ տարին, երբ աշխարհում ազատության ընդհանուր մակարդակն անկում է ապրել:
XS
SM
MD
LG