Մատչելի հղումներ

Պուտինը կարգադրել է «ամբողջական մարտական պատրաստվածության» բերել զորքերը


Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, նոր զորավարժություններին կմասնակցի ավելի քան 65 հազար զինծառայող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է «ամբողջական մարտական պատրաստվածության» բերել Ռուսաստանի կենտրոնում տեղակայված ռազմական ստորաբաժանումները՝ արտապլանային զորավարժություններ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, նոր զորավարժություններին կմասնակցի ավելի քան 65 հազար զինծառայող:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը վերսկսել է զինված ուժերի ստորաբաժանումների ավելացումն Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կարգադրել է երկրի զինված ուժերին և անվտանգության ծառայություններին յոթ օրով դադարեցնել կրակը:

Այս կարգադրությամբ նախագահ Պորոշենկոն հանդես է եկել՝ Ուկրաինայի արևելքում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների շտաբ կատարված այցելության ժամանակ:

Ուկրաինայի նախագահը սակայն նշել է, որ իր հրամանը չի նշանակում, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը պատասխան կրակ չեն բացի՝ իրենց ուղղությամբ հարձակում կատարելու դեպքում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր ,թե Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի ուժերի ուղարկումը վաղօրոք ծրագրավորված գործողություն է, որն իրականացվում է՝ Ռուսաստանի սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը «Ամերիկայի Ձայն»-ին իր անունը չհրապարակելու պայմանով տեղեկացրել էր սակայն, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ ուղարկված զորքերը ներառված չեն սահմանի վերահսկողության գործողություններում:

«Դրանք ըստ էության կուտակվում են ժամանակավոր ճամբարներում՝ նախապատրաստվելու նպատակով և ակնկալելով հետագա հրամաններ», - ասել էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
XS
SM
MD
LG