Մատչելի հղումներ

 
Եգիպտոսում ցուցարարները գրոհել են «Մահմեդական եղբայրության» գլխավոր գրասենյակը

Եգիպտոսում ցուցարարները գրոհել են «Մահմեդական եղբայրության» գլխավոր գրասենյակը


Ցուցարարները թալանել են Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գլխավոր գրասենյակը

Եգիպտոսի մայրաքաղաքում ցուցարարները գրոհել և թալանել են երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գլխավոր գրասենյակը:

Մի շարք ցուցարարներ երկուշաբթի օրը կոտրել են «Մահմեդական եղբայրության» գրասենյակի պատուհանները, կրակի մատնել այն, ապա հեռացել գրասենյակից՝ տանելով փաստաթղթեր և կահույք:

«Մահմեդական եղբայրության» գրասենյակի աշխատողներն էվակուացվել էին ավելի վաղ, երբ ցուցարարները հարձակում էին մեկնարկել շենքի ուղղությամբ՝ նետելով քարեր և դյուրավառ հեղուկով լցված շշեր: Գրասենյակում այդ ընթացքում գտնվող «Մահմեդական եղբայրության» անդամներն ու աշխատողները հրազենային պատասխան կրակ են բացել:

Եգիպտոսի ակտիվիստների համաձայն, ամբողջ երկրում նախագահ Մորսիի պաշտոնաթողությունը պահանջող ցույցերի ընթացքում կիրակի օրվա վերջից սաստկացած խռովությունների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:

Հարյուրավոր ցուցարարներ գիշերվա ընթացքում չեն լքել Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը՝ շարունակելով հակակառավարական ցույցերը: Ցույցերի մասնակիցները կոչ են անում գործողություններ ձեռնարկել Եգիպտոսի ներկայիս կառավարության դեմ, որը, ըստ նրանց, փորձում է մենաշնորհ հաստատել պետական իշխանության նկատմամբ՝ միաժամանակ ընդունակ չգտնվելով բարելավելու երկրի ծանր վիճակում գտնվող տնտեսությունը: Շատերը, բացի այդ, զայրույթ են արտահայտում Եգիպտոսում հետզհետե թափ հավաքող հանցագործությամբ, ինչպես նաև չդադարող քաղաքական և կրոնական բռնություններով:
XS
SM
MD
LG