Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ոստիկանությունը կալանավորել է Բոստոնի ռմբակոծության երկրորդ կասկածյալին


Որոնողական ինտենսիվ աշխատանքների արդյունքում ԱՄՆ-ի ոստիկանությանը հաջողվել է կալանավորել Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուններն իրականացրած երկրորդ կասկածյալին:

Ոստիկանության ծառայողները շրջապատել էին 19-ամյա Ջոխար Ցարնաևին այն ժամանակ, երբ վերջինս թաքնվում էր Բոստոնի Ուոթերթաուն արվարձանի տներից մեկի բակում գտնվող նավակի մեջ: Ցարնաևը, ըստ հաղորդագրությունների, կալանավորման ընթացքում ծանր վնասվածքներ է ստացել:

Մասաչուսեթս նահանգի ոստիկանապետ Թոմ Ալբեն իր գոհունակությունն է հայտնել ուրբաթ ուշ երեկոյան Ցարնաևի կալանավորման կապակցությամբ: Նահանգապետ Դևալ Փեթրիքն իր հերթին ասել է, թե երախտապարտ է օրինապահ մարմինների բոլոր աշխատողներին՝ նրանց գերազանց աշխատանքի համար:

Մասաչուսեթսի նահանգապետն ու ոստիկանապետը բացի այդ շնորհակալություն են հայտնել հասարակությանը՝ համբերության և ՀԴԲ-ին ու ոստիկանությանը տրված հազարավոր հուշումների համար, որոնցից մեկի արդյունքում և հնարավոր էր դարձել Ցարնաևի ձերբակալությունը:

Իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե երկու կասկածյալներին չեզոքացնելու փաստը ցույց է տալիս, որ ՝՝ամերիկացիները երբեք չեն ահաբեկվելու՛՛։ Նա նաեւ գովասանքի խոսքեր է ասել իրավապահ մարմինների, արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակիցների ու հասարակության հասցեին։

՝՝Եթե ինչ որ մեկը ցանկանում է իմանալ, թե ով ենք մենք եւ ինչ է Ամերիկան ու թե ինչպես ենք մենք վերաբերվում չարիքին ու ահաբեկչությանը, թող հիշի այս դեպքը՛՛, ասել է նախագահ Օբաման
Նա հույս է հայտնել, որ Բոստոնն ու նրա հարակից քաղաքները կշարունակեն առօրյա կյանքն այնպես, ինչպես նախկինում եւ որ բոլոր ամերիկացիները կմիանան իրար նման որեւէ գործողության ժամանակ։ ՝՝Թող Աստված օրհնի Բոստոնի ժողովրդին ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին՛՛, իր ամենշաբաթյա ուղերձն ավարտել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
Պաշտոնական որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Բոստոնի ահաբեկիչները ոգեշնչվել են արմատական իսլամի ՝՝սուրբ պատերազմի՛՛՝Ջիհադի՛՛ առաքելությամբ։

XS
SM
MD
LG