Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ԱԱԳ-ը ծածկագրման ծրագրերը «կոտրելու» ունակություն ունեցող համակարգիչ է մշակում


Համակարգչի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականցվում են 79,7 միլիոն դոլար արժողությամբ «Դժվար թիրախների ներթափանցում» ծրագրի շրջանակներում

Միացյալ Նահանգների անվտանգության ազգային գործակալությունը մշակում է համակարգիչ, որը կկարողանա «կոտրել» ծածկագրում իրականացնող համակարգչային ծրագրերի մեծ մասը՝ անկախ այն բանից, արդյոք դրանք օգտագործվում են այլ պետությունների պետական գաղտնիքները, թե՝ անհատական բանկային հաշիվները պաշտպանելու համար:

Այս մասին տեղեկացրել է «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականը՝ նշելով, որ հաղորդագրության համար հիմք են ծառայել ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված նյութերը:

«Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, Անվտանգության ազգային գործակալությունն աշխատում է այսպես կոչված «քվանտային համակարգչի» մշակման ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի գործակալությանը «կոտրել» զգայուն տեղեկությունները պաշտպանող ծածկագրերը:

Ըստ պարբերականի, նման համակարգիչը կկարողանա միաժամանակ կատարել բազմաթիվ հաշվարկներ, սակայն դրա մշակման համար կպահանջվի առնվազն մի քանի տարի: Քվանտային համակարգիչը, բացի ծածկագրերը շրջանցելու, հնարավոր կլինի օգտագործել նաև բժշկության բնագավառում:

«Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, համակարգչի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականցվում են 79,7 միլիոն դոլար արժողությամբ «Դժվար թիրախների ներթափանցում» ծրագրի շրջանակներում:

Քվանտային համակարգչի մշակման ուղղությամբ աշխատում են նաև պետական կազմակերպությունների կազմում չաշխատող գիտնականները, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներն առաջ են անցել այլ հետազոտողների կողմից իրականացվող հետազոտություններից:
XS
SM
MD
LG