Մատչելի հղումներ

«Նորարարությունների գլոբալ ցուցիչ -2013»-ում Հայաստանը 59-րդն է


Շվեյցարիան այս տարի ևս գլխավորել է «Նորարարությունների գլոբալ ցուցիչը»

«INSEAD» գործարարության միջազգային դպրոցը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) և Քորնելի համալսարանը հրապարակել են «Նորարարությունների գլոբալ ցուցիչ-2013» զեկույցը, որտեղ այս տարի Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը՝ զեկույցում ներկայացված 142 երկրների շարքում:

Շվեյցարիան, անցյալ տարվա պես, այս տարի ևս գլխավորել է «Նորարարությունների գլոբալ ցուցիչը»՝ 66,59 միավորով, իսկ լավագույն տասնյակում ներառված են նաև Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Հոնկոնգը, Սինգապուրը, Դանիան և Իռլանդիան:

Զեկույցում ներառված երկրները գնահատվել են 84 ցուցանիշի հիման վրա, որոնցից կազմվել են ցուցանիշների հիմնական յոթ՝ «Ինստիտուտներ», «Մարդկային կապիտալ և հետազոտություն», «Շուկաների զարգացում», «Բիզնեսի զարգացում», «Արտադրություն՝ գիտելիքների և տեխնոլոգիաների կիրառմամբ», «Ենթակառուցվածք», «Ստեղծագործական արտադրանք» խմբերը:

Հայաստանն այս տարվա զեկույցում հավաքել է 37,5 միավոր՝ ներառվելով «նորարարության սկսնակներ» անվանումը ստացած 18 երկրների խմբում, որտեղ, ի թիվս այլ երկրների, ներառված են Մոլդովան, Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Վրաստանը, Տաջիկստանն ու Լատվիան:

Զեկույցում նշված է, որ «նորարարության սկսնակները» նորարարության աճող մակարդակներ են ցուցաբերել՝ այս երկրներում ինստիտուցիոնալ շրջանակների, բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի, նորարարությանը նպաստող ենթակառուցվածքի, համաշխարհային վարկային ներդրումների և առևտրի շուկաների հետ առավել խոր ինտեգրման, ինչպես նաև զարգացած բիզնես համայնքի առկայության արդյունքում՝ «նույնիսկ եթե այս երկրներում գրանցված առաջընթացը չի եղել համաչափ բոլոր ոլորտներում»:

Զեկույցում յուրաքանչյուր երկրի կատարողականը նորարարության ոլորտում գնահատվում է նաև իր տնտեսական վիճակի մակարդակով՝ հիմք ընդունելով Համաշխարհային բանկի դասակարգումները: Այս սկզբունքի համաձայն, Հայաստանը ներառված է միջին մակարդակից ցածր եկամուտ ունեցող երկրների ցանկում, որտեղ նորարարության առումով Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում:

Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև զեկույցի տարածաշրջանային խմբավորման առումով: Այսպես, «Հյուսիսային Աֆրիկա և Արևմտյան Ասիա» խմբի վերլուծության մեջ նշված է, որ այս տարի խմբում ընդգրկված պետություններից որպես նորարարության առաջատար առաջին անգամ գրանցվել են նաև Հայաստանը, Հորդանանն ու Վրաստանը:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Ադրբեջանը «Նորարարությունների գլոբալ ցուցիչ -2013»-ում զբաղեցնում է 105-րդ տեղը, Վրաստանը՝ 73-րդ, Թուրքիան՝ 68-րդ, իսկ Իրանը՝ 113-րդ տեղը:
XS
SM
MD
LG