Մատչելի հղումներ

«Մամուլի ազատությունն աշխարհում տասը տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի վրա է»


«Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» զեկույցի համաձայն, Եվրասիայում գրանցվել են մամուլի ազատության իրավիճակի ամենավատ ցուցանիշները, և այս մայրցամաքում որևէ անձ չի ապրում ազատ մամուլ ունեցող երկրում

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» ամենամյա զեկույցը, որտեղ ասված է, որ մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում գտնվում է «գտնվում է տասը տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի վրա»:

«Մենք տեսնում ենք հաղորդագրությունները վերահսկելու կամ դրանց հետ կապված մեքենայություններ իրականացնելու փորձերի ավելացող մակարդակներ, և այսպիսով ավելացել է քարոզչության և հրապարակվող բովանդակության նկատմամբ վաղօրոք ազդեցություն գործելու եղանակների օգտագործումը: Մենք տեսնում ենք նաև բռնությունների և ահաբեկման կիրառում բլոգերների և այն մարդկանց նկատմամբ, ովքեր օգտագործում են այս լրատվամիջոցները՝ տեղեկատվություն ստանալու համար», - ասել է «Մամուլի ազատությունն» նախագծի տնօրեն Քարին Քարլեքարը:

«Մամուլի ազատությունն» նախագծի տնօրենի վկայությամբ՝ 2013 թվականին մամուլի ազատությունն ապրել է այնքան խորը անկում, որ աշխարհում այժմ յոթ մարդկանցից միայն մեկի համար է հասանելի ազատ մամուլը:

Նրա համաձայն, մամուլի ազատության անկում ապրած ոլորտներում կառավարությունները միայնակ չեն գործել:

«Փոփոխություններ են եղել հիմնական լրատվամիջոցների սեփականատերերի կազմում: Դրանցից հետո նկատելի են դարձել փոփոխությունները խմբագրությունների հաղորդագրությունների ոճի մեջ, և մենք նկատել ենք, որ լրագրողների վրա սկսվել էր ճնշում գործադրվել», - ասել է «Մամուլի ազատությունն» նախագծի տնօրեն Քարին Քարլեքարը:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվել է, որ մամուլի ազատության ցուցանիշի համաձայն, աշխարհի երկրների ընդհանուր թվից 32 տոկոսի մամուլը որակվել է «ազատ», 35-ի՝ «մասամբ ազատ», և 33-ի` «ոչ ազատ»:

«Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» զեկույցի համաձայն, Եվրասիայում գրանցվել են մամուլի ազատության իրավիճակի ամենավատ ցուցանիշները, և այս մայրցամաքում որևէ անձ չի ապրում ազատ մամուլ ունեցող երկրում: Մայրցամաքի պետությունների բնակչության ընդամենը երեք տոկոսի համար է հասանելի «մասամբ ազատ» մամուլը, իսկ Եվրասիայի բնակչության 97 տոկոսն ապրում է «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրներում:

«Հատկանշական է, որ աշխարհում մամուլի ազատության դեմ ամենամեծ բռնությունները գործադրող ութ պետություններից երեքը՝ Բելառուսը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, գտնվում են Եվրասիայում: Տարածաշրջանում մտահոգություններ առաջացնող այլ պետություններից են Ռուսաստանն ու Ադրբեջանը», - գրում է «Freedom House»-ը:

«Ռուսաստանում լրագրողները բանտ են նետվել և ծեծի ենթարկվել: Ուկրաինայում լրագրողները բողոքի ցույց են անցկացրել՝ բռնությունների արդյունքում իրենց գործընկերների կողմից վնասվածքներ ստանալու պատճառով: Բելառուսում լրագրողները կրկին հայտնվել են դատարանում, նրանց դեմ գործադրված ճնշումների պատճառով ԵԱՀԿ-ի նման կազմակերպությունները հորդորել են դիմել անհապաղ միջոցների», - ասված է զեկույցում:

«Ադրբեջանում լրատվամիջոցների ոլորտում արդեն իսկ առկա ճնշող մթնոլորտն ավելի խորը անկում է գրանցել՝ կառավարության կողմից լրագրողների առցանց և հեռախոսային հաղորդագրությունների գաղտնալսման ծավալի ավելացման, պետական անվտանգության ծառայությունից փաստաթղթերի արտահոսքի հետ կապված՝ պատկերների փոխանցման համար օգտագործվող կայքի արգելափակման և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի արբանյակային հեռահաղորդակցմանը պետության կողմից միջամտության իրականացման հետևանքով: Այդ պատճառով զեկույցում երկրի ցուցանիշն ակում է ապրել՝ 82-ից նվազելով 84 միավորի», - նշված է զեկույցում:

«Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» ամենամյա զեկույցի Եվրասիային վերաբերող մասում նշված է, որ տարածաշրջանում մամուլի ազատության ոլորտում ամենամեծ առաջխաղացումը գրանցել է Ղրղզստանը՝ 69 միավորից այս զեկուցում գրանցելով 66 միավոր ցուցանիշ: Ըստ կազմակերպության, Ղրղզստանում այս առաջընթացը պայմանավորված է մամուլի նկատմամբ օրենսդրական սահմանափակումների նվազեցման և լրագրողների ուղղությամբ կատարվող հարձակումների նվազեցմամբ՝ չնայած լրատվամիջոցների բազմազանության հետ կապված խնդիրների:

Եվրասիայի տարածաշրջանում, ըստ զեկույցի, մամուլի ազատության ոլորտում բարելավում է գրանցվել նաև Վրաստանում: Այսպես, նախորդ զեկույցում գրանցված 49 միավորից «Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» այդ երկրի ցուցանիշը բարձրացել է 47-ի՝ օրենսդրության մեջ գրանցված դրական փոփոխությունների և լրագրողների նկատմամբ ահաբեկման կամ բռնությունների դեպքերի սակավաթվության պատճառով:

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանում մամուլի ազատությունը գրանցել է հետընթաց: Նախորդ զեկույցի համեմատությամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը նվազել է մեկ միավորով, և նախորդ տարվա 61 միավորի փոխարեն այժմ կազմում է 62 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, և, ըստ «Մամուլի ազատությունն աշխարհում - 2014» ամենամյա զեկույցի գնահատականի համաձայն, երկրում մամուլը ոչ ազատ է:
XS
SM
MD
LG