Մատչելի հղումներ

«ԵՄ-ը ցնցված է Հայաստանի շրջադարձով». «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»


«Եվրոպացիներին սարսափեցրել է Ռուսաստանի կողմից գործադրված ուժգին ճնշման ռազմավարությունը, ինչպես նաև այն արագությունը, որով Հայաստանը կատարել է շրջադարձը»

«Եվրոպայի դիվանագետներին այս շաբաթ ցնցել է Եվրոպական Միության հետ այս տարվա նոյեմբերին հարաբերություններն ամրապնդելու ճանապարհ որդեգրած Հայաստանի կողմից Ռուսաստանի առաջնորդությամբ գործող մաքսային դաշինքին միանալու մասին հայտարարությունը»:

Այս մասին գրում է ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականը, ըստ որի «Եվրոպացիներին սարսափեցրել է Ռուսաստանի կողմից գործադրված ուժգին ճնշման ռազմավարությունը, ինչպես նաև այն արագությունը, որով Հայաստանը կատարել է շրջադարձը»:

Հայաստանի և Ռուսատանի միջև այս շաբաթվա սկզբից ստորագրված փաստաթղթերին անդրադարձող հոդվածում պարբերականը մեջ է բերում իրավիճակից քաջատեղյակ Արևմուտքի դիվանագետներից մեկի խոսքերը, որի համաձայն Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, սակայն «նրանք ինքները չէին ակնկալում Ռուսաստանի կողմից նման ուժգնության ճնշման գործադրում»:

Դիվանագետի համաձայն, Եվրոպական Միությունը կշարունակի Հայաստանի հետ աշխատել մուտքի արտոնագրերի հետ կապված ընթացակարգերի նման հարցերի շուրջ:

«Հայաստանի կողմից կատարված քայլը վկայում է Ռուսաստանի կողմից ճնշման ավելացման մասին այն երկրների նկատմամբ, որոնց իրենց կողմ փորձում են քաշել Արևմուտքն ու Արևելքը, և կարող է հնարավոր անախորժությունների մասին նախազգուշացում դառնալ Եվրամիության հետ կապերի մերձեցման մասին մտածող այլ պետությունների համար», - շեշտում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ը:
XS
SM
MD
LG