Մատչելի հղումներ

Կոնգրեսական Շիֆը Քեսաբի վերաբերյալ հարցեր է ուղղել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին


Կոնգրեսական Շիֆը հարցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, թե ինչ գործողությունների են դիմել ՄԱԿ-ն ու կազմակերպության գործակալությունները՝ Քեսաբի ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը բարձրացրել է Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքը գրավելու հետ կապված հարցը և հորդորե միջազգային այս մարմին անել ավելին՝ քաղաքի բնակիչների կարիքները հոգալու համար»:

Այս հայտարարությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հայտարարության համաձայն, հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նիստի ընթացքում պատասխանելով կոնգրեսական Ադամ Շիֆի և հանձնաժողովի անդամների հարցերին:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգներ դեսպան Փաուերի մասնակցությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նիստի ընթացքում անցկացված հարցուպատասխանի ժամանակ կոնգրեսական Շիֆը հիշեցրել է, որ հիմնականում քրիստոնյա հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա մոտ մեկ շաբաթ առաջ գրոհել էին «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալները, որոնք Սիրիայի տարածք էին ներթափանցել Թուրքիայի կողմից, ինչի արդյունքում քաղաքը դատարկվել էր՝ արյունալի այս հարձակման հետևանքով:

«Քաղաքի բնակիչներից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց ժառանգներ են, և նրանց թիրախավորման փաստը հատկապես մեծ ցավ է պատճառել», - նիստի ընթացքում, դիմելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, ասել է կոնգրեսական Շիֆը՝ հարցնելով, թե ինչ գործողությունների են դիմել ՄԱԿ-ն ու կազմակերպության գործակալությունները՝ Քեսաբի ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը, նշելով, որ Քեսաբի ուղղությամբ վերջերս իրականացված հարձակումները խորը մտահոգություն են առաջացրել, ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը բարձրացրել են Քեսաբի հարցը և հորդորել ՄԱԿ-ին գործադրել ավելի մեծ ջանքեր՝ քաղաքի բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ:

«Պետք է ասեմ, որ քաղաքը գրավված ծայրահեղականների այն խմբի վրա Միացյալ Նահանգներն ու ՄԱԿ-ը, ցավոք, մեծ ազդեցություն չեն կարող գործել: Մենք այժմ շեշտը դնում ենք Սիրիայում չափավոր ընդդիմությանը սատարելու վրա՝ ընդդիմությանը, որը պայքարում է ծայրահեղականների խմբերի դեմ, շեշտը դնում ենք ՄԱԿ-ին անհրաժեշտ ֆինանսավորում, ինչպես նաև այս գործակալությանը տարատեսակ ռեսուրսներով ապահովելու վրա, որոնք անհրաժեշտ են՝ սիրիահայերի և տարհանված բնակչության կարիքներն ապահովելու համար», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը:

Սամանտա Փաուերի խոսքով, ՄԱԿ-ը «տրամադրում է ռեսուրսներ, տանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ՝ այն խմբավորման, որը, ըստ էության, գրավել էր քաղաքը, պայքար մղող չափավոր ընդդիմության կարողությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ, որոնց արդյունքներով ՄԱԿ-ը փորձում է երաշխավորել, որ հարևան պետություններից ոչ մեկից որևէ օժանդակություն չտրամադրվի ահաբեկիչներին կամ ծայրահեղականների խմբավորումներին:

«Մենք աշխատում ենք նաև ֆինանսավորում հայթայթել միջազգային հանրության կողմից, քանի որ Սիրիայի հարցին ֆինանսական միջոցներ տրամադրելու ՄԱԿ-ի արված կոչի արդյունքում մինչ այժմ տրամադրվել է անհրաժեշտ միջոցների չնչին մասը», - պատասխանելով կոնգրեսական Շիֆի հարցին՝ ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Փաուերը:
XS
SM
MD
LG