Միացյալ Նահանգները փորձում է նվազեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության շրջանում:
Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը՝ ելույթ ունենալով Ամերիկյան ձեռնարկատիրության հաստատության կողմից կազմակերպված քննարկման ընթացքում: Նախորդ շաբաթ կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էր հղեշ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էր 85 կոնգրեսական:
«Էլիոթ Էնգելն ու ես փորձում ենք «իջեցնել ջերմաստիճանն» այս տարածաշրջանում», - նշել է Ռոյսը:
Կոնգրեսականի խոսքով, խաղաղության ապահովման եւ բռնություններին վերջ տալու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղյան շփման գծում տեղադրել կրակոցների ուղղությունը որսացող սարքեր, միջազգային դիտորդներ կցել եւ պահանջել բոլոր կողմերից դիպուկահարներին հետ քաշել սահմանից եւ շփման գծից:
«Եթե այդ երեք պահանջներն իրագործվեն, ապա, անկախ փորձագետների եւ Պենտագոնի կարծիքով դա կբերի շատ ավելի ապահով իրավիճակի: Այնպես որ, մենք առաջ ենք քաշում այս երեք պահանջները», - նշել է Էդ Ռոյսը:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը վերջերս հայտարարություն էր հրապարակել, որում ընդգծում էր ԱՄՆ-ի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Որպես խաղաղության հաստատման հնարավոր միջոց, Միացյալ Նահանգներն առաջարկում է ընդլայնել ժողովուրդների միջեւ երկխոսությունը:
Ինչպես նշել է Պետքարտուղարի օգնական Ջոն Քըրբին, հայերն ու ադրբեջանցիները միմյանց կողքի են ապրել սերունդներով, եւ խաղաղության հասնելու համար նրանց անհրաժեշտ է կրկին անգամ սովորել վստահել միմյանց: