Թուրքիայի համար զարգացման առաջնահերթություն պետք է լինի Եվրամիության մեջ ինտեգրումը, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը: Խոսելով ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած գիտական համաժողովին, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից վերջին տասնամյակում արձանագրված զարգացումը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ Եվրամիության անդամակցության գործընթացի:
«Մենք շնորհակալ ենք այդ գործընթացի համար եւ կարծում ենք, որ այն անհրաժեշտ է վերակենդանացնել, քանի որ այն միակ ճանապարհն է օրենքի գերիշխանության, ժողովրդավարության եւ ամուր պետականության կառուցման համար», - հայտնել է Շիմշեքը:
Վերլուծաբանների կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն շեղվել էր նախկինում դեպի Եվրամիություն բռնած իր ուղուց` վտանգելով երկրի ներսում ժողովրդավարությունն ու կայունությունը:
Նախկինում Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Էթյեն Մահչուփյանը կարծում է, որ Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ է հասկանալի լինել իր երկրի քաղաքացիների համար: Մահչուփյանը հրաժարական էր տվել վարչապետի խորհրդականի պաշտոնից 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր:
«Մարդիկ ակնկալում են, որ կառավարությունը երկու ոտքի վրա կքայլի, որի մեկ ոտքն ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ մյուսը՝ բնակչության համար դրական քայլերը», - նշում է Մահչուփյանը:
Ամերիկյան Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերն ընդգծում է, որ ներկայումս Թուրքիայի համար կարեւորագույն խնդիրը պետք է լինի կայունության պահպանումը:
«Կայունության խնդիրը առաջնահերթ ուղղությունն է լինելու», - ավելացնում է Ուոքերը:
Թուրքիայի փոխվարչապետը նշում է, որ Թուրքիան մտադիր է կատարել Եվրամիության բոլոր պահանջները` անկախ վերջնական արդյունքից:
«Եթե մենք կատարենք բոլոր պարտավորությունները եւ չդառնանք ԵՄ անդամ, այլ դառնանք Նորվեգիայի կամ Շվեյցարիայի նման, ապա միեւնույն է՝ բոլորս շահում ենք», - նշել է Մեհմեթ Շիմշեքը:
Գաղթականների ճգնաժամի հետեւանքով սկսված իրադարձությունների արդյունքում, Եվրամիության երկրների եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կրկին սերտացան, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ուղի: Վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի բոլոր հարեւանները, այդ թվում եւ Հայաստանը զգալիորեն կշահեն` սահմանակցելով կայուն եւ զարգացած ԵՄ անդամ Թուրքիայի հետ: