ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում են աշխատանքները, որոնք ուղղված են ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը «Ամերիկայի Ձայն»-ին հիշեցնում է, որ վերջերս գործընկերների հետ միասին Կոնգրեսում շրջանառության մեջ են դրել նամակ, որն ուղղված է մարդկանց կյանքեր փրկելուն եւ արդար ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն:
«Նամակում ասվում է, թե մենք ուզում ենք, որ դիպուկահարները հետ քաշվեն սահմանային գծերից եւ կոչ ենք անում, որ ուղղություն որսացող սարքեր տեղադրվեն՝ որոնք ցույց կտային, թե որ կողմից է արձակվում կրակը»:
Նամակում ամերիկյան օրենսդիրները պահանջում են նաեւ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու եւ հետաքննելու նպատակով ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը: Նշենք, որ ՄԱԿ-ի իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայկական կողմին էր մեղադրել լարվածության համար.
«Պետք է հիշել, որ այս միջադեպերի գլխավոր պատճառը Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայկական զորքերի ներկայությունն է։ Հետաքննող մեխանիզմների հաստատումը կախված է հայկական զորքերի դուրս բերման հետ։ Հակառակ դեպքում, նման մեխանիզմները պարզապես կամրագրեն ստատուս քվոն»։
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության հաստատման համար ջանքեր է գործադրում նաեւ Ամերիկայի հայ համայնքը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպելուց հետո: Մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում դեսպանի հետ քննարկվել են խաղաղության հաստատման հնարավոր միջոցները եւ Միացյալ Նահանգների դերը դրանց իրականացման մեջ.
«Միակ ճանապարհն այն է, որ կրակոցները դադարեն. հարցի կարգավորման ուղղությամբ որեւէ հաջողության հասնելն անհնար է, քանի դեռ կողմերը միմյանց են կրակում»:
Խաչիկյանի խոսքով, անհրաժեշտ է սահմանից եւ շփման գծից հանել դիպուկահարներին եւ ծանր հրետանին՝ խնայելով մարդկանց կյանքերը.
«Քանի դեռ չեն դադարել կրակոցները եւ քանի դեռ չի դադարել ադրբեջանական ագրեսիան, չկա խաղաղ բանակցությունների համար որեւէ հիմք»:
Խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին խոսել է նաեւ Միացյալ Նահանգների կոնգրեսական Ռոբերտ Դոլդը՝ կարեւորելով Միացյալ Նահանգների դերն այդ հարցում.
«Որպես ազատ աշխարհի առաջնորդներ, մենք ունենք եզակի պարտավորություններ»: