Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի ժողովրդավարացման գործընթացի կարեւոր մասն է, հայտարարել է ամերիկահայ հայտնի պատմաբան, Չիկագոյի համալսարանի դասախոս Ռոն Սունին՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում կազմակերպված «Հայոց ցեղասպանության պատմությունն ու քաղաքականությունը՝ 100 տարի անց» քննարկման ընթացքում:
Մեջբերելով պոլսահայ մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի խոսքերը՝ Սունին նշեց, որ սկզբից անհրաժեշտ է Թուրքիայում ժողովրդավարություն հաստատել, այնուհետեւ՝ պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ նպատակին հասնելու համար հայերի, քրդերի եւ թուրք լիբերալ հասարակության շահերը լիովին համընկնում են, համոզված է պատմաբանը: Այսպիսով, այդ խմբերի համար Ցեղասպանության ճանաչման խնդիրը լուծված է.
«Քրդերը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ ի դեպ քուրդ քաղաքապետերը հայ զոհերի պատվին փողոցներ են անվանակոչել, վերականգնել հայկական հուշարձաններ ու եկեղեցիներ»:
Սունին նաեւ հիշեցրեց, որ վերջին տասնամյակում Թուրքիայի արխիվներում հայերին վերաբերող փաստաթղթերի հետ են սկսել աշխատել հենց թուրք պատմաբանները ու թեեւ Ցեղասպանության իրականացմանը վերաբերող ճչացող փաստաթղթեր դեռեւս չեն հայտնաբերվել, եղած փաստաթղթերը միանշանակ բացահայտում են իրական պատմությունը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան պնդում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հայերի կոտորածները պետության կողմից ուղղակիորեն չէին կազմակերպվել: Ռոն Սունին սակայն լավատես է եւ հիշեցնում է, որ թուրք հասարակությունը վերջին տարիներին շատ է փոխվել.
«Թուրքիան միանման չէ. այնտեղ կան առաջատար ժողովրդավար թուրքեր, այնտեղ կա 20 միլիոն քուրդ, հայեր. Թուրքիայում կան քաղաքացիներ, որոնք ձգտում են ժողովրդավարության հասնել եւ ճանաչել Ցեղասպանությունը»:
Իսկ թե իրականում Թուրքիան երբ ժողովրդավարության կհասնի, պատմաբանի կարծիքով, պարզ կլինի հաջորդ մի քանի տարիների ընթացքում: