ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ռազմական սահմանափակ հարված հասցնելու իր որոշման մասին։ Այժմ նա սպասում է իր այս որոշումը Կոնգրեսի կողմից հաստատվելուն՝ կոչ անելով օրենսդիր մարմնին ՝՝օգնել իրեն այս սպառնալիքին հակադրվելու համար՛՛։
՝՝Երկար ու մանրազննին քննարկումներից հետո ես որոշել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայի վարչակարգի դեմ պիտի կիրառի ռազմական ուժ՛՛, հայտարարեց նախագահը Սպիտակ տան Վարդերի այգում։ Նրա խոսքերով, Ամերիկան չի իրականացնի անժամկետ ներխուժում ու կհրաժարվի այնտեղ զորքեր ուղարկելու հնարավորությունից։ ՝՝Մեր գործողությունները կունենան ժամանակի ու ծավալների մեջ սահմանափակումներ՛՛, հայտարարեց նա։
Օբաման հեռախոսով զրուցել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջոն Բեյների եւ Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարրի Ռիիդի հետ, որոնք երկուսն էլ, նրա խոսքերով, համաձայնվել են նստաշրջանը սկսվելուն պես անմիջապես անցկացնել քննարկումներ այս հարցով։ Կոնգրեսի նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 9-ին, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք խոստանում են նիստի վերադառնալ օրեր առաջ։
Օբաման մեկ անգամ եւս կրկնեց, որ ռազմական հարցերով իր խորհրդականները վստահեցրել են իրեն, որ Ամերիկայի ռազմական կարողությունների անհրաժեշտ հատվածն արդեն տեղում է, ու հարձակումը կարող են իրականացնել ՝՝ցանկացած պահի՛՛։
՝՝Իսկ նման հրաման կարող է տրվել վաղը, հաջորդ շաբաթ կամ մեկ ամիս հետո՛՛, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։