Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել՝ Քեսաբում հարձակումները դադարեցնելու համար


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ-ի Կոնգրեսին ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Քեսաբ գյուղի ուղղությամբ ծայրահեղականների հարձակումներին օժանդակության ցուցաբերումը դադարեցնելու նպատակով: Քեսաբի հիմնականում հայազգի բնակչությունն այս շաբաթվա սկզբին իր դեմ ուղղված հարձակումների պատճառով և ջարդերից խուսափելու նպատակով ստիպված էր եղել դիմել փախուստի:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Հանձնախմբի մամուլի ծառայության համաձայն, նախագահ Օբամային հասցեագրված իր նամակում հորդորել է կարգադրել ԱՄՆ-ի արտգործնախարարին, Թուրքիայում և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպաններին, որպեսզի վերջիններս պահանջեն Թուրքիայից դադարեցնել միջսահմանային հարձակումները Քեսաբի ուղղությամբ, որոնք դարձել են խաղաղ բնակչության անմիջական էվակուացման, գյուղի բնակիչների ունեցվածքի հափշտակման և եկեղեցիների պղծման պատճառը:

Սիրիայում Թուրքիայի սահմանամերձ շրջանում գտնվող Քեսաբ գյուղին մինչև վերջին ժամանակներս հաջողվում էր խուսափել երկրում չդադարող հակամարտության ընթացքում տեղի ունեցող մարտերից: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալների համաձայն, տեղի հայազգի բնակչությունը վերջին տարիներին զգալի աճ էր ապրել, քանի որ գյուղը ապահով ապաստան էր դարձել պատերազմից տուժած Հալեպ, Յաքուբիե և Ռաքա քաղաքներից փախուստի դիմած հայերի համար:

Ըստ հաղորդագրության, անցյալ շաբաթվա վերջին օտարերկրյա ծայրահեղական զինյալները Քեսաբ գյուղի ուղղությամբ լայնածավալ հարձակում էին սկսել՝ ստիպելով գյուղի բնակիչներին փախուստի դիմել մոտակա Լաթաքիա և Բասիթ քաղաքներ:

Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հայտարարությամբ մամուլի համար հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
«Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:
XS
SM
MD
LG