Մատչելի հղումներ

Ամերիկայի հրեական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային դեմ առ դեմ կանգնել իրականության հետ


Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի կողմից արված հայտարարությունը

«Անցյալ դարի վայրագությունների հիշատակի այս ամսվա ընթացքում մենք սգում և հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին»:

Այս մասին ասված է Ամերիկայի հրեական հանձնաժողովի հայտարարության մեջ, որտեղ Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում ոչ միայն ամբողջությամբ հասանելի դարձնել զանգվածային սպանդի, բռնի վերաբնակեցման, մահվան երթերի, ընտանիքների բաժանման և այլ բռնությունների վերաբերյալ պատմական գրառումները, այլ դեմ առ դեմ կանգնել այն իրականության հետ, որը բացահայտում են այս գրառումները:

«Արդեն մեկ դարի վաղեմություն ունեցող այս վերքի ապաքինման գործընթացը կարող է սկսվել միայն այս ցավալի դարաշրջանի ճշմարտության հետ երես առ երես կանգնելուց հետո», - ասված է Ամերիկայի հրեական հանձնաժողովի հայտարարության մեջ, որի գործադիր տնօրեն Դեյվիդ Հերիսը նշում է, որ կազմակերպությունը բազմիցս վկայություններ է ներկայացրել և գրել, որ օսմանյան իշխանությունների կողմից հայազգի բնակչության նկատմամբ իրականացված դաժանությունները մարդկության դեմ գործած անասելի հանցագործություն է:

«Որպեսզի հաճախակի մեջբերվող, սակայն հազվադեպ իրականացվող «Այլևս երբեք» արտահայտությունն ունենա իրական նշանակություն, անհրաժեշտ է ճանաչել այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները», - ասում է Ամերիկայի հրեական հանձնաժողովի գործադիր տնօրենը:

«Ինչպես հիշեցնում են հետագայում տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները, մեզանից յուրաքանչյուրը հիշելու պարտավորություն ունի, որպեսզի ապագայում կանխվեն նման արարքները: Արտահայտում ենք մեր համերաշխությունը ամենուրեք գտնվող բարի կամքի բոլոր մարդկանց հետ Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը նշելիս, որը դարձել է 20-րդ դարի ազգային հողի վրա իրականացված սպանդի և ցեղասպանության առաջին, սակայն ոչ վերջին դեպքը», - եզրափակում է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Ամերիկայի հրեական հանձնաժողովի հայտարարությունը:

Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Վան Գրիգորյանն իր հայտարարության մեջ ողջունել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի և գործադիր տնօրեն Դեյվիդ Հերիսի կողմից արված հայտարարությունը:

«Սա առաջին անգամը չէ, երբ Դեյվիդը հրապարակայնորեն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրը, և արդեն մի քանի տասնամյակ նա ոչ միայն եղել է մեր բարեկամը, այլև սկզբունքորեն արտահայտում է համամարդկային արժեքներ: Այս հայտարարությունը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով դրա հրապարակման ժամանակը, և արտացոլում է անցյալ դարի ընթացքում հայերի և հրեաների ունեցած ցավալի փորձությունները, որոնք մեզ հիշեցնում են, որ ցեղասպանության անտեսումն ու ժխտումը ցեղասպանության թողություն է», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Գրիգորյանը:
XS
SM
MD
LG