Ժնևում վերջին պատրաստություններն են տեսնում Սիրիայի շուրջ բանակցություններին

ՄԱԿ-ը հաջորդ շաբաթ նախաձեռնել է Սիրիայում խաղաղության հաստատմանը ուղղված բանակցային նոր փուլի անցկացումը, սակայն դեռևս պարզ չէ, թե ովքեր պետք է մասնակցեն: Արդեն որոշակի կասկածներ կան նախատեսված բանակցությունների ժամանակին սկսելու վերաբերյալ:

Սիրիայի գծով ՄԱԿ-ի դեսպանորդ Սթեֆան դե Միսթուրան հայտարարել է անցյալ ամիս, որ հունվարի 25-ին ակնկալում է բանակցությունների բացումը Ժնևում:

ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաքը երկուշաբթի Նյու Յորքում նշել է, որ հրավերներ չեն ուղարկվելու, մինչև որոշում չկայացվի այն մասին, թե Սիրիայի ապստամբ որ խմբերի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին.

«Այս փուլում ԱՄԿ-ը կշարունակի աշխատել հրավերների շուրջ, մինչ երկրները, որոնք առաջավարում են Սիրիայի միջազգային աջակցության խումբը, գան փոխըմբռնման, թե ով պիտի հրավիրվի ընդդիմության շրջանակներից: Գլխավոր քարտուղարը կոչ է անում մասնակիցներին կրկնապատկել ջանքերը համաձայնության գալու համար», - ասել է ՄԱԿ-ի խոսնակը:

Առաջիկա բանակցությունները 17 երկրներից բաղկացած հաշտարար խմբի աջակցությունն են վայելում, այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի: Երկուշաբթի օրը Աբու Դաբիում խոսելիս, Ֆրանսիայի արտգործնախարար Լորեն Ֆաբիուսը նշել է ՄԱԿ-ում առաջխաղացման հասնելու կարևորության մասին.

«Նրանք պետք է որոշում կայացնեն այս շաբաթ: Ակնհայտորեն մենք հուսով ենք, որ բանակցությունները կկայանան, սակայն որոշ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն, մասնավորապես, պետք է բարձրացվի փոխվստահության մակարդակը, դադարեցվի որոշ քաղաքների պաշարումը և քաղաքացիական բնակչության ռմբահարումները: Դա առաջին պայմանն է, քանզի շատ դժվար կլինի չափավոր ընդդիմության համար մասնակցել բանակցություններին այն նույն պահին, երբ նրանց ընկերները ռմբակոծության ներքո են գտնվում», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

ՄԱԿ-ի խոսնակ Հաքը նշել է, որ ՄԱԿ-ը դեռևս կենտրոնացած է հունվարի 25-ին սկսելու բանակցությունները և գլխավոր քարտուղար Բան Կի Մունը աշխարհի տերություններին կոչ է անում համաձայնության գալ՝ փրկելու մարդկանց կյանքը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ը նույնպես հուսով է և ակնկալում է, որ կրակի դադարեցումը Սիրիայում կհաջորդի խաղաղության բանակցություններին:

Սիրիան պատերազմի մեջ է 2011 թվականի մարտից, երբ նախագահ Բաշար Ալ Ասադի դեմ ուղղված բողոքի ցույցերը կառավարության կողմից կոպիտ հակադարձելու արդյունքում վերածվեցին բախումների ու վերաճեցին քաղաքացիական պատերազմի: