Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիքի կարծիքով, աշխարհի տնտեսությանը կհաջողվի խուսափել տնտեսական անկման կրկնությունից:
Այս հայտարարությամբ նա հանդես է եկել երեքշաբթի օրը Սինգապուրում անցկացվող տնտեսական համաժողովի ժամանակ:
Զելիքի համաձայն, Միացյալ Նահանգները և աշխարհը խուսափելու են տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքից, սակայն խոստովանել է, որ աճը մնալու է դանդաղ, իսկ հեռանկարները բավականին անորոշ են:
«Բլումբերգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Զելիքն ասել է, որ աշխարհը «մտնում է վտանգավոր ժամանակաշրջան»:
Սինգապուրում անցկացվող խորհրդաժողովի ընթացքում Զելիքը նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է վստահություն ներշնչել շուկաներին՝ ծախսերի կտրուկ կրճատման փոխարեն կատարելով պետական պարտքի նվազեցմանն ուղղված քայլեր:
Նա ասել է նաև, որ ասիական պետությունների ընդլայնվող տնտեսությունները կարող են սատարել համաշխարհային տնտեսությունը՝ ընդլայնելով զարգացող պետություններում կատարվող ներդրումները: