Սահմանադրական բարեփոխումներ ՀՀ-ում՝ հայացք ԱՄՆ-ից

Armenia Protest

Երևանում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ ԱՄՆ-ում տարատեսակ մոտեցումներ կան, որոնցից առավել հետաքրքրական են ոչկուսակցական, անկախ մասնագետների կարծիքները:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում հանրաքվեի է դրվում Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը Հայաստանում նախատեսում է անցում նախագահական կառավարման համակարգից` խորհդարանականի` մասնավորապես շեշտը դնելով ընտրությունների երկկուսակցական համակարգի զարգացման վրա և բացառելով անհատների ընտրությունները: Բարեփոխումների հակառակորդները կարծում են, որ դրանք նպատակաուղղված են գործող վարչակազմի վերարտադրմանը: ՀՀԿ-ի շտաբը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդդիմադիր «Ոչ» շարժման շտաբը` ղեկավարում է ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ այդ հարցով հանրաքվեի չեղարկմանը կողմնակից «Նոր Հայաստանի» շտաբը` Ժիրայր Սեֆիլյանը: Վերջին օրերին Երևանի Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունն անց են կացնում սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքներ, ապա՝ երթեր: Հանրահավաքներում նոր սահմանադրության ընդունման կապակցությամբ իրենց մտահոգություններն են հայտնում դեկտեմբերի 1–ից նույն հրապարակում անժամկետ նստացույց սկսած «Նոր Հայաստան» ճակատի մաս կազմող քաղաքական ուժերի` «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Ժառանգության» առաջնորդները: “Ամերիկայի Ձայն”-ին տված հարցազրույցում ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանն ասել է. «Հայաստանի նման՝ հիվանդ կառավարման համակարգ ունեցող, համակարգային կոռուպցիա ունեցող երկրում, առանց օրգանիզմի առողջացման, վիրահատություն անելը կառավարման համակարգի վրա խիստ վտանգավոր է, որովհետև արդեն իսկ ստեղծված ճգնաժամային վիճակը կարող է հանգեցնել աղետի»:

ԱՄՆ-ը ներկայացնող պաշտոնյաները դեռևս կարծիք չեն հայտնել Հայաստանում ընթացող Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ, սակայն նրանցից մի քանիսը նշել են, որ չեն կարող գնահատականներ տալ փաստաթղթին, և որ դա Հայաստանի հասարակության գործն է, այն է` ուսումնասիրել այդ բարեփոխումները և եզրակացություններ անել:

ԱՄՆ-ի հայ համայնքի մի շարք մասնագետներ տարատեսակ մոտեցումներ ունեն հարցի վերաբերյալ: “Ամերիկայի Ձայն”-ի խնդրանքով քաղաքական վերլուծաբան, լրագրող Էմիլ Սանամյանը, անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների խնդրին, նշեց, որ խորհրդարանական կառավարման ձևը առկա է եվրոպական մի շարք երկրներում ու առկա չէ Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում, բացառությամբ Վրաստանի, Ղրղըզստանի, Մերձբալթյան երկրների ու կիսախորհրդարանական տարբերակով` Մոլդովայի: Ուստի, ըստ նրա՝ սա դուրս կբերի Հայաստանը հետխորհրդային կառավարման համակարգի մշակույթից. «Սա խնդիրներ կարող է հարուցել կայունության համար, սակայն հնարավորություն է քաղաքական գործընթացից դուրս մնացած հասարակական-քաղաքական խմբերի համար մտնելու այդ դաշտը և ժամանակի հետ, եթե այն ընդունվի առանց էական քաղաքական ճգնաժամի, լավ անդրադառնալու Հայաստանի քաղաքական համակարգի բարելավման առումով՝ հաշվի առնելով ապակենտրոնացման և դրանով իսկ` ժողովրդավարացմանը նպաստելու պատճառով», - նշել է Սանամյանը:

Թեև կարծիքները իրարամերժ են, Հայաստանի և՛ ընդդիմության ներկայացուցիչները, և՛ անգամ իշխանության ներկայացուցիչները համաձայն են, որ ներկա կառավարման համակարգը իր դարը ապրել է: