Եմենի կառավարության ընդդիմախոսներն ու կողմնակիցները ցույցեր են անցկացրել

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհ

Եմենի մայրաքաղաք Սանայի տարբեր մասերում երկրի կառավարության տասնյակ հազարավոր ընդդիմախոսներ ու կողմնակիցներ ցույցեր են անցկացրել:

Եմենի ընդդիմադիրները ցույցերի անցկացման օրը «զայրույթի օր» են անվանել:

Երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի ընդդիմախոսները, ոգեշնչված Թունիսում և Եգիպտոսում անցկացվող հավաքներով, խոշոր ցույց են անցկացրել Սանայի համալսարանում:

Սալեհի կողմնակիցների երթն անց է կացվել Սանայի կենտրոնում: Երթի մասնակիցները մեղադրել են հակակառավարական ցուցարարներին երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձեր կատարելու մեջ:

Ցույցերի անցկացումից մեկ օր առաջ Եմենի նախագահ Սալեհը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի 2013 թվականից հետո, երբ լրանում է նրա պաշտոնավարության ժամկետը, ինքը չի երկարաձգելու այն, իսկ իր որդին այս պաշտոնում իրեն չի հաջորդելու:

Սալեհը, որն արդեն 32 տարի զբաղեցնում է Եմենի նախագահի պաշտոնը, կոչ է արել նաև դադարեցնել ծրագրած բոլոր ցույցերը:

Եմենի ընդդիմադիր ուժերը ողջունել են այս հայտարարությունը, սակայն չեն հրաժարվել բողոքի ցույցեր անցկացնելու իրենց ծրագրերից: