Եմենում չորեքշաբթի օրը շարունակվել են հակառավարական ցույցերը, որոնցից մեկի ընթացքում ոստիկանության հետ բախումների ժամանակ հրազենային կրակից սպանվել է մեկ ցուցարար:
Երկրի մայրաքաղաք Սանաայում կառավարության կողմնակիցները, զինված մահակներով և դաշույններով, բախվել են Սանաայի համալսարանից դեպի քաղաքի կենտրոն երթ կազմակերպելու փորձ կատարած ընդդիմադիր ուսանողների հետ, ինչի պատճառով չորս մարդ վնասվածքներ է ստացել: Ուսանողները սակայն հայտնել են, որ չեն հրաժարվելու երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող երթի անցկացման ծրագրերից:
Եմենի մայրաքաղաքում, արդարադատության շենքի մոտակայքում անց է կացվել նաև հարյուրավոր դատավորների ցույց, որոնք պահանջել են երկրում ապահովել դատական իշխանության անկախությունը և բարձրացնել աշխատավարձը:
Բողոքի ցույցեր են անցկացվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թայիզ քաղաքի կենտրոնական հրապարակում: Ցույցի մասնակիցները, որոնք արդեն մի քանի օր է չեն լքում հրապարակը, հանդես են գալիս նախագահ Սալեհի պաշտոնաթողության պահանջով: Հրապարակում, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակի օրինակով, վրանային ճամբար է հիմնվել: