Եմենի նախագահը վերադարձել է Սաուդյան Արաբիայից

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհ (արխիվային լուսանկար)

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը վերադարձել է իր երկիր՝ Սաուդյան Արաբիայում մոտ երեք ամիս անցկացնելուց հետո:

Այդ երկրում անցկացված ժամանակի ընթացքում նախագահ Սալեհը ապաքինվել է իր դեմ ուղղված հարձակման ժամանակ ստացված ծանր վնասվածքներից:

Եմենի պետական հեռուստատեսության համաձայն, Սալեհն ուրբաթ օրը վերադարձել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից այն ժամանակ, երբ երկրում արդեն վեցերորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ցուցարարների միջև:

Այս երկրում կիրակի օրվանից շարունակվող բախումների զոհ է գնացել մոտ 100 մարդ:

Նախագահ Սալեհը, չնայած երկրում արդեն ութ ամիս շարունակվող բողոքի ցույցերին, շարունակում է դիմադրություն ցուցաբերել իր հրաժարական ներկայացնելու կոչերին:

Այս շաբաթվա ընթացքում Եմենի փոխնախագահ Աբեդ Ռաբբո Մանսուրի հետ բանակցություններ է անցկացրել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջնորդ, կազմակերպության նախագահ Աբդուլ Լաթիֆ ալ-Զայանին՝ փորձելով վերսկսել Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմից երկրի փոխնախագահին իշխանությունը փոխանցելու վերաբերյալ Խորհրդի ծրագիրը:

Եմենի նախագահ Սալեհն այս տարվա ապրիլից երեք անգամ իր համաձայնությունն էր տվել այս ծրագրին, սակայն ամեն անգամ հետ է կանգնել գործարքը ստորագրելուց: