Եմենում ոչնչացվել է Միացյալ Նահանգներում ծնված արմատական հոգևորական Անվար ալ-Ավլաքին:
«Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերականի համաձայն, այս մասին հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել Եմենի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ալ-Ավլաքիի հետ միասին ոչնչացվել է «ալ-Քայիդա»-ի մի քանի գործակալ:
Եմենի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել ալ-Ավլաքիի ոչնչացման մասին:
«Ֆրանս պրես» գործակալությունը սակայն հայտնել է, որ, Եմենի ցեղախմբերի համաձայն, ԱՄՆ-ի կողմից փնտրվող ալ-Ավլաքին ոչնչացվել է երկրի Մարիբ նահանգում երկու մեքենաների ուղղությամբ իրականացված օդային հարձակման արդյունքում:
Եմենի Մարիբ նահանգը համարվում է «ալ-Քայիդա»-ի հենակետերից մեկը:
Եմենի ցեղախմբերից մեկի ներկայացուցչի համաձայն, հարձակումն իրականացվել է ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների կողմից, որոնք վերջին մի քանի օրվա ընթացքում պարեկային ծառայություն էին իրականացնում Մարիբ նահանգի օդային տարածքում: