Եմենի գլխավոր երկրորդ քաղաքում զինյալները հարձակում են կատարել նախագահի պալատի վրա՝ սպանելով չորս զինծառայողի։ Պաշտոնատար անձանց համաձայն, Թայիզ քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած հարձակման ընթացքում սպանվել է հարձակվողներից մեկը։
Այս հարձակումը տեղի է ունեցել Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի բուժման նպատակով Սաուդյան Արաբիա մեկնելուց մեկ օր անց։
Երկրի մայրաքաղաք Սանայում կիրակի օրը հազարավոր ցուցարարներ տոնել են նախագահի մեկնումը՝ հույս հայտնելով, որ նա հեռացել է ընդմիշտ՝ վերջ տալով 33 տարվա իր պաշտոնավարմանը։
Փոխնախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադին կիրակի օրը հանդիպում է ունեցել այստեղ ԱՄՆ-ի դեսպան Ջերալդ Ֆայերշտայնի հետ։ Հանդիպման հանգամանքը վկայում է այն մասին, որ նախագահի բացակայության ընթացքում Հադին կատարում է նրա պարտականությունները։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, Հադիի հետ շաբաթ օրը զրուցել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բրենանը։
Նախագահ Սալեհը և բարձրաստիճան առվազն չորս պաշտոնատար անձ շաբաթ օրը ժամանել են Սաուդյան Արաբիա՝ նախագահի նստավայրի վրա ուրբաթ օրը կատարված հարձակման ժամանակ ստացված վնասվածքները բուժելու նպատակով։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ է ստացել Սալեհը և արդյոք պատրաստվում է վերադառնալ Եմեն։