Աշխարհի վեց տերություններն ու Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանի գլխավոր բանագնաց. «P5+1» խմբի առաջարկություններն այս անգամ «առավել իրատեսական են եղել»
Իրանը և աշխարհի վեց տերությունները երկու օր տևած «դրական» բանակցություններից հետո համաձայնություն են ձեռք բերել ապագայում շարունակել բանակցություններն այդ երկրի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված բանակցությունները սակայն որևէ զգալի առաջընթացի չեն բերել:

Իրանի գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին չորեքշաբթի օրը բանակցություններից հետո նշել է, որ աշխարհի վեց տերությունների՝ այսպես կոչված «P5+1» խմբի առաջարկություններն այս անգամ «առավել իրատեսական են եղել»:

Խմբի կազմի մեջ մտնող պետությունները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Գերմանիան, այս բանակցություններն օգտագործել են՝ առաջարկելու Իրանին պատժամիջոցների թուլացում այն դեպքում, եթե վերջինս համաձայնվի դադարեցնել ուրանի հարստացմանն ուղղված որոշ աշխատանքներ:

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի համաձայն, «P5+1» խումբը հույս է հայտնել, որ Իրանի բանագնացները «դրական տրամադրված» կլինեն նոր առաջարկությունների նկատմամբ:

«Առաջարկությունները վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթ ունենալու շուրջ միջազգային հանրության ունեցած մտահոգություններին, սակայն նաև կարձագանքեն Իրանի կողմից ներկայացված գաղափարներին», - ասել է Էշթոնը՝ հավելելով, որ ծրագրով նախատեսված է «որոշակի վստահություն ստեղծել» և երկու կողմերին առաջ ընթանալու հնարավորություն ընձեռել:

Բանակցությունների կողմերը նախատեսում են փորձագետների մակարդակով հանդիպումներ անցկացնել Ստամբուլում գալիք ամսվա ընթացքում, ապա գլխավոր բանագնացների մակարդակով՝ Ալմաթի քաղաքում այս տարվա ապրիլի սկզբին: