Սոչիում մեկնարկել է 2014 թվականի Ձմեռային օլիմպիադան

Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անցկացվել է այս նպատակով հատուկ կառուցված 40 հազար տեղ ունեցող «Ֆիշտ» մարզադաշտում
Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվել է 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որով պաշտոնապես մեկնարկել է Ձմեռային օլիմպիադան:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անցկացվել է այս նպատակով հատուկ կառուցված 40 հազար տեղ ունեցող «Ֆիշտ» մարզադաշտում, որտեղ շքերթով անցել են ձմեռային այս օլիմպիադային մասնակից 88 պետությունների մարզիկները:

Բացման արարողությանը ներկա են գտնվել աշխարհի տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ձմեռային այս օլիմպիական խաղերի բացման արարողությանը սակայն չեն մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Եվրամիության որոշ ղեկավարներ:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Ձմեռային օլիմպիադայից առաջ պատասխանելով լրագրողներին հարցերին, հերքել է այն ենթադրությունները, որոնց համաձայն Սոչիի օլիմպիական խաղերը դարձել են մարզական առաջին խոշոր միջոցառումը, որոնց անցկացման դեմ սպառնալիքներ են հնչեցվել ահաբեկիչների կողմից:

«Սպառնալիքներ էին հնչեցվել Սիդնեյում, Աթենքում, Սոլթ Լեյք Սիթիում անցկացված օլիմպիական խաղերի հասցեին: Ցավոք, այսօր մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ միջազգային ցանկացած խոշոր միջոցառում ուղեկցվում է սպառնալիքներով», - նշել է ՄՕԿ-ի նախագահը:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերում նախօրեին մեկնարկել էի որակավորման մրցումները, ներառյալ գեղասահքի թիմային մրցումները, որոնք դարձել են ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն ընձեռող նոր մարզաձև:

Մրցումները պաշտոնապես մեկնարկում են շաբաթ օրը:

Ռուսաստանի իշխանությունները ծախսել են մոտ 2 միլիարդ դոլար՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման նպատակով: Անվտանգության ուժերի հազարավոր ծառայողներ պարեկային ծառայություն են իրականացնում սևծովյան այս հանգստավայրում՝ ստեղծելով այսպես կոչված «պողպատե շրջան»: