«Վիքիլիքս» կայքը դարձել է ևս մեկ ուժգին կիբեռ հարձակման թիրախ:
Այս մասին հայտնել են կայքի պատասխանատուները` ասելով, որ սա երեք օրվա ընթացքում կատարված երկրորդ հարձակումն է:
Առաջին հարձակումը հաքերներն իրականացրել էին կիրակի օրը` կայքում ԱՄՆ-ի գաղտնի ավելի քանի 250 հազար հեռագիր հրապարակելուց առաջ:
Երկու հարձակումների ընթացքում կայքը հեղեղվել է տեղեկություն տրամադրելու հարցումներով, ինչի արդյունքում այն անհասանելի է դարձել օգտագործողների համար:
Բացի այդ, «Ֆորբս» ամսագիրը երեքշաբթի օրը հայտնել է, որ «Վիքիլիքս»-ը հաջորդ տարի նախատեսում է հրապարակել ԱՄՆ-ի խոշոր ֆինանսական ընկերություններից մեկի փաստաթղթերը:
Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ հրապարակման համար նախատեսված տասնյակ հազարավոր փաստաթղթերը, իր խոսքերով, բացահայտելու են այնտեղ տիրող «կաշառակերության էկոհամակարգը»: