Ամեն տարի 100 միլիոն մարդ աղքատանում է առողջապահական վճարների պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չեն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հրապարակված հաշվետվությունում նշում է, որ միլիոնավոր մարդիկ չեն ստանում պահանջվող բժշկական սպասարկումը նյութական միջոցներ չունենալու պատճառով:

Հաշվետվությունում նշվում է նաև, որ աշխարհում առողջապահական համակարգերում վատնվում է միջոցների մոտ 40 տոկոսը` կաշառակերության, չափազանց բարձր վճարումների, սխալների և հիվանդանոցների աշխատանքի անարդյունավետության պատճառով: Որոշ վայրերում դեղամիջոցների դիմաց վճարումները աշխարհի միջին մակարդակը գերազանցում են 67 անգամ, ինչը հնարավորություն չի տալիս բավարար գումար տրամադրել առողջապահական այլ ծառայություններին:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաշվետվությունում նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող պետություններին առողջապահական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է լինելու ցուցաբերել միջազգային օժանդակություն:

Կազմակերպությունը հայտնել է, որ աղքատ պետություններում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու համար անհրաժեշտ է ծախսել մեկ մարդու հաշվարկով միջինում 44 դոլար, մինչդեռ այդ պետություններից շատերում այս ուղղությամբ ծախսվում է 35 դոլարից պակաս գումար: