ԱՄՆ-ի Սպիտակ տուն. «Սիրիայում քիմիական հարձակմանը պատասխան է տրվելու»

Նախագահ Օբաման այժմ աշխատում է ազգային անվտանգության հարցերով իր խմբի հետ՝ սահմանելու համար, թե ինչպիսի արձագանք է տրվելու
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել այն մասին, որ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքները հիմք կծառայեն արձագանքի համար, և, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, նախագահն այժմ աշխատում է ազգային անվտանգության հարցերով իր խմբի հետ՝ սահմանելու համար, թե ինչպիսի արձագանք է տրվելու:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնիի համաձայն, «չկա որևէ կասկած» այն մասին, որ Դամասկոսի արվարձանում օգտոստոսի 21-ին իրականացվել էր թունավոր գազի կիրառմամբ հարձակում:

Ճեպազրույցի ժամանակ Քարնին ասել է, թե չնչին կասկածներ են մնում այն մասին, որ հարձակման իրականացման համար պատասխանատվություն է կրում Սիրիայի կառավարությունը, և «միջազգային օրենքի կոպիտ խախտում» է անվանել այդ հարձակումը:

«Նախագահն այն ծանր հանցագործություն համարում, որն արժանի է արձագանքի: Նրան, ըստ էության, ժամանակ կպահանջվի՝ գնահատելու համար հասանելի տարբերակները և որոշում կայացնելու համար այն մասին, թե Միացյալ Նահանգները, խորհրդակցելով մեր դաշնակիցների ու գործընկերների և Կոնգրեսի առաջնորդների հետ, ինչպիսի պատշաճ արձագանք կարող է տալ», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը:

Ջեյ Քարնին տեղեկացրել է նաև, որ այս շաբաթվա վերջին Միացյալ Նահանգները կհրապարակի Սիրիայում թունավոր գազի կիրառմամբ հարձակման վերաբերյալ ստացված հետախուզական տվյալները: