ԱՄՆ-ի Սպիտակ տուն. «Էդվարդ Սնոուդենին համաներում չի շնորհվի»

«Սնոուդենը պետք է անհապաղ վերադառնա Միացյալ Նահանգներ, որտեղ նրա նկատմամբ պետք է կիրառվի պատշաճ իրավական ընթացակարգ»
ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Քեյթլին Հեյդենը երկուշաբթի օրը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգների վարչակազմում քննարկվում է Ազգային անվտանգության գործակալության պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին համաներում շնորհելու հնարավորությունը:

«Պարոն Սնոուդենին ներկայացվել են ԱՄՆ-ի գաղտնի տեղեկությունների փոխանցման մեղադրանքներ, Միացյալ Նահանգներում նրան քրեական մեղադրանքներ են ներկայացվել», - ասել է Հեյդենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի պայմանագրային նախկին ծառայողը պետք է անհապաղ վերադառնա Միացյալ Նահանգներ, որտեղ նրա նկատմամբ պետք է կիրառվի պատշաճ իրավական ընթացակարգ:

Այս ընթացքում ԱՄՆ-ի ԱԱԳ-ի տնօրեն, գեներալ Քեյթ Ալեքսանդը, անդրադառնալով Սնոուդենին համաներում շնորհելու հնարավորության շուրջ քննարկումների մասին տարածված լուրերին, ասել է, թե «դա նման է հանցագործի կողմից 50 պատանդ վերցնելուն, որոնցից 10-ին ինքը գնդակահարել է, հետո առաջարկել իրեն համաներում շնորհել, որպեսզի ինքն ազատ արձակի մնացած 40-ին»: