«Վաշինտգոն Փոստ» ամերիկյան օրաթերթի համացանցային կայքում հուլիսի 7-ին հրապարակվել է «Ղարաբաղյան պատերազմը` հետխորհրդային առաջին պատերազմ» վերնագրով մի հոդված:
Հոդվածում հեղինակը հակիրճ ներկայացնում է Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում` 1980-ականների վերջին տիրող քաղաքական իրավիճակը և արցախյան պատերազմի հանգեցրած զարգացումները:
Հեղինակը մասնավորապես նշում է, որ 1991 թվականի հուլիսի 7-ին նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարությունն առաջին անգամ է ստացել հաղորդագրություններն այն մասին, որ Արցախի և Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում գտնվող գյուղերը ենթարկվել են հարձակման, որի պատճառով զոհեր են եղել:
«1992 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմական գործողություններ են ծավալվել, և այդ պատերազմը դարձել է Խորհրդային Միության փլուզման արդյունքում ծավալված առաջին պատերազմը, որն ավարտվել է 1994 թվականին ստորագրված զինադադարով, և որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը ազատություն է ձեռք բերել», - գրում է «Վաշինտգոն Փոստ»-ի հեղինակ Ուիլ Էնգլունդը:
«Լեռնային Ղարաբաղը ներկայում «փշոտ» տեղ է, շատ հպարտ Ադրբեջանի նկատմամբ տարած իր հաղթանակով, որը, չնայած Ադրբեջանի կողմից շարունակվող պատերազմի սպառնալիքների, վստահ է իր ուժերի մեջ և զայրացած այն հանգամանքով, որ իրեն տեղ չի հատկացվել բանակցությունների սեղանին, որտեղ իր շահերը ներկայացնում է Հայաստանը, և տարիների ընթացքում գրանցված չնչին տեղաշարժով» - գրում է Էնգլունդը:
Հոդվածի հեղինակի կարծիքով, հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպումը որևէ արդյունքի չի բերել: Իր համաձայն, բանակցային գործընթացում չմասնակցող ղարաբաղցիները կգնահատեին միջազգային հանրության ճանաչումը, սակայն չեն նախատեսում աղաչել դրա համար:
«Ճանաչված չե՞նք: Հոգ չէ: Արդեն սովոր ենք դրան», - մեջ է բերում հոդվածի հեղինակը ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Թևան Պողոսյանի խոսքերը` հավելելով, որ Արցախի ժողովուրդը համոզված է, որ եթե միջազգային հանրությունը Խորհրդային Միության փլուզման ժամանակ հրաժարվեր ճանաչել Ադրբեջանի իրենց կարծիքով արհեստական սահմանները, ապա Ադրբեջանը չէր հանդգնի հարձակվել և իրենց պատմությունը լիովին այլ կերպ կզարգանար:
Հոդվածում նշվում է, որ արցախցիները չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ խաղաղության, տարածքի կամ որևէ այլ բանի համար:
«Մենք ազատագրել ենք այս հողերը: Պատմական հայկական այս հողերի համար թափվել է մեր զավակների արյունը» - ասել է Արցախի ազատամարտիկների միության նախագահ Ռոբերջ Բաղրյանը, որի խոսքը մեջ է բերվել արցախյան հիմնախնդրին նվիրված «Վաշինտգոն Փոստ»-ի այսօրվա հոդվածում: