«Ամերիկացիների մեծամասնությունն առաջին անգամ կողմ է մարիխուանայի օգտագործման օրինականացման». հարցում

«Գելափ» կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 58 տոկոսը սատարել է մարիխուանայի օգտագործման օրինականացումը
Ամերիկացիների մեծամասնությունն առաջին անգամ հստակ կողմ է արտահայտվել մարիխուանայի օգտագործման օրինականացման:

«Գելափ» կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 58 տոկոսը սատարել է մարիխուանայի օգտագործման օրինականացումը, ինչը 8 տոկոսով բարձր է երկու տարի առաջ գրանցված 50 տոկոս ցուցանիշից: Ի տարբերություն, 1969 թվականին, երբ կազմակերպությունը սկսել էր անցկացնել այս հարցումը, մասնակիցների միայն 12 տոկոսն էր սատարել մարիխուանայի օգտագործման օրինականացումը:

Հարցման մեջ մասնակցելու համար պատահականության կարգով ընտրվել էր Միացյալ Նահանգների 50 նահանգում և մայրաքաղաք Վաշինգտոնում բնակվող 1,028 մեծահասակ: Հարցման արդյունքների համաձայն, այս նյութի օգտագործումը հիմնականում սատարում են 18-ից 29 տարեկան տարիքային խմբի անձինք, որոնց շրջանում օգտագործման իրականացման մասին հարցին դրական է արձագանքել մասնակիցների 67 տոկոսը:

Միացյալ Նահանգներում մարիխուանայի օգտագործման օրինականացումը սատարել է 30-ից 49 տարեկան ամերիկացիների 62 տոկոսը:

Տարիքային միակ խումբը, որը հստակ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում մարիխուանայի օգտագործման օրինականացման, եղել են հարցման 65 տարեկան և բարձր հասակի մասնակիցները, որոնց 53 տոկոսը դեմ է արտահայտվել այս գաղափարին:

Կոլորադո և Վաշինգտոն նահանգներն այժմ թույլ են տալիս ռեկրեացիոն նպատակների համար օգտագործել մարիխուանայի փոքր քանակություններ, ինչին 2012 թվականին նահանգներում անցկացված քվեարկության ընթացքում կողմ են արտահայտվել այս նահանգների ընտրողները:

Միացյալ Նահանգներում մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով ներկայում թույլատրված է 20 նահանգում և Կոլումբիայի շրջանում: