ԱՄՆ-ի ֆինանսների նախարար. «Պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը»

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյու (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանի «առանց այն էլ թույլ տնտեսության մեջ տեղի է ունեցել իրավիճակի զգալի վատթարացում»
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուի համաձայն, Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ Ուկրաինայում վերջիններիս կողմից իրականացվող գործողությունների պատճառով ձեռնարկված միջոցառումները մեծ վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանի «առանց այն էլ թույլ տնտեսության մեջ տեղի է ունեցել իրավիճակի զգալի վատթարացում»:

«Մենք տեսնում ենք, որ պատժամիջոցներն ազդեցություն են գործել նրանց ֆոնդային շուկայի, տարադրամի փոխարժեքի, ինչպես նաև տնտեսական այլ ցուցանիշների վրա», - ասել է Լյուն:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը, բացի այդ, Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ստիպելու համար Մոսկվային նվազեցնել Ուկրաինայում ստեղծված լարվածությունը:

Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի իշխանություններն այս ընթացքում հորդորել են հայտնաբերել և Ուկրաինայի տնտեսություն վերադարձնել այս երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի կողմից յուրացված միլիարդավոր դոլարներ կազմող գումարները:

Մեծ Բրիտանիայի իշխանությունների գնահատականների համաձայն, այս երկրի տարածքում սառեցված է 23 միլիոն դոլար ծավալով գումար, որի ծագումը դեռևս չի նույնականացվել: