ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի քաղաքներից մեկում կիրակի ուշ երեկոյան տեղի ունեցած պտտահողմի պատճառով զոհվել է առնվազն 89 մարդ։

Աղետը տեղի է ունեցել Կանզաս քաղաքից դեպի հարավ 220 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջոփլին քաղաքում, որտեղ պտտահողմը ոչնչացրել է բազմաթիվ տներ և մեքենաներ, ուժեղ վնասվածքներ հասցրել տեղի հիվանդանոցին։

Մինեսոտա նահանգում տեղի ունեցած մեկ այլ պտտահողմի պատճառով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել՝ մոտ 30 մարդ։

Նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել աղետի զոհերին և իրենց ընտանիքներին և խոստացել, որ դաշնային կառավարությունը օժանդակություն է ցուցաբերելու աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։