ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում ձերբակալվել է 26-ամյա մի տղամարդ, որին մեղադրել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի և Կապիտոլիումի ուղղությամբ պլաստիկ պայթուցիկով բեռնված հեռահար կառավարվող անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում ծրագրելու մեջ:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի քաղաքացի Ռեզվան Ֆերդաուսին, բացի այդ մեղադրանքից, ներկայացվել է նաև «ալ-Քայիդա»-ին նյութական օգնություն և ռեսուրսներ տրամադրելու փորձ կատարելու մեջ՝ արտասահմանում գտնվող ամերիկացի զինծառայողների ուղղությամբ հարձակումներ կատարելու նպատակով:
Ֆերդաուսը ձերբակալվել է՝ հետախուզական ծառայությունների կողմից իրականացված գաղտնի գործողության արդյունքում:
Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, Ֆերդաուսն ԱՄՆ-ի դեմ սրբազան պատերազմ՝ «ջիհադ» սկսել է ծրագրել 2010 թվականի սկզբին: Նա նախատեսել է հոգեբանական մեծ ազդեցություն թողնել՝ սպանելով ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքացիների, ներառյալ կանանց և երեխաների, որոնց ինքը «Ալլահի թշնամիներ» է անվանել:
Հետաքննություն անցկացնող մարմինների համաձայն, Միացյալ Նահանգների հասարակությանը պայթուցիկ նյութերը որևէ վտանգ չէին ներկայացնում հասարակության համար, քանի որ դրանք վերահսկվում էին ՀԴԲ-ի քողարկված գործակալների կողմից:
Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում Ֆերդաուսը կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպման նյութական աջակցություն և ռեսուրսներ տրամադրելու, և մինչև 20 տարվա ազատազրկման՝ երկրի պաշտպանության նախարարության շինությունների ոչնչացման փորձ կատարելու մեղադրանքներով: