ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ռոյսը, Շերմանը, Քարդենասը, Էշուն և Քլարքը հարգել են Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը

Կոնգրեսական Շերման. «Ադրբեջանում հայերի էթնիկական զտումների ճանաչումը կարևոր քայլ է: Մենք սակայն պետք է անենք ավելին. մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղությունը և Արցախը պարտադրանքից պաշտպանելու գործին»
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իր գործընկեր Բրեդ Շերմանը հարգել են Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայազգի բնակչության ջարդերի զոհերի հիշատակը, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի կառավարության կողմից շարունակվող ահաբեկման և բռնությունների քաղաքականությունը:

Այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, որի հայտարարության համաձայն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասել է, որ սումգայիթյան ջարդերի ողբերգության տարելիցի օրը «մենք մտածում ենք նաև Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մասին և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների հրահրող հռետորաբանության շարունակվող միջադեպերի և սահմանի երկայնքով շարունակվող ռազմական բախումների մասին»:

«Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի կառավարությունը զերծ մնա սադրիչ հայտարարություններին և ստանձնի Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված արդյունավետ բանակցություններ անցկացնելու պարտավորությունը», - ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

ԱՄՆ-ի կոնգրեսական Բրեդ Շերմանն իր հերթին ասել է, որ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված ջարդերի զոհերի հիշատակը հարգելու միջոցով միայն հնարավոր կդառնա ապագայում դադարեցնել նման հանցագործությունները:

«Եթե մենք հույս ունենք թույլ չտալու ապագա ջարդերը, մենք պետք ճանաչենք այս զարհուրելի իրադարձությունները և ջանքեր գործադրենք՝ ապագայում նման իրադարձությունները թույլ չտալու ուղղությամբ: Ադրբեջանում հայերի էթնիկական զտումների ճանաչումը կարևոր քայլ է: Մենք սակայն պետք է անենք ավելին. մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղությունը և Արցախը պարտադրանքից պաշտպանելու գործին»:

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Բրեդ Շերմանի հետ միասին Ադրբեջանում հայազգի բնակչության ջարդերի զոհերի հիշատակը հարգել և Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի կառավարության կողմից շարունակվող ահաբեկման և բռնությունների քաղաքականությունը դատապարտել են իրենց գործընկերներ, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Թոնի Քարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը: