Պակիստանի դատարանը որոշում է կայացրել կրկնակի սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի դիվանագետի կալանքը ևս ութ օրով երկարաձգելու մասին:
Դիվանագետ Ռեյմոնդ Դեյվիսին ազատ արձակելու խնդրանքով ԱՄՆ-ը դիմել է Պակիստանի իշխանություններին` նշելով, որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ենթակա չէ հետաքննության և Լահորում նրա ձերբակալությունն անօրինական է։
Դեսպանության պաշտոնատար անձինք նշել են, որ Դեյվիսի գործողությունները, որոնց նա դիմել է երկու անձանց կողմից իր նկատմամբ զինված կողոպուտի փորձ կատարելուց հետո, ինքնապաշտպանական բնույթ են կրել։
Պակիստանի իշխանությունների համաձայն, Դեյվիսն այդ անձանց ուղղությամբ հրազենային կրակ է բացել, ինչը դարձել է նրանց մահվան պատճառը: Երրորդ պակիստանցու մահվան պատճառ է դարձել հրաձգության վայր ժամանած հյուպատոսության մեքենայի հասցրած հարվածը:
Դեյվիսը ձերբակալվել է հունվարի 27-ին: Նրա գործով դատարանի հաջորդ նիստը կայանալու է է փետրվարի 11-ին: